ՆՁԱԿ
   
 

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացմանը

18.05.2018

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, համաժողովի իրականացման նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են, այս ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել:
«Օրերս այստեղ էին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Նրանք հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Այս հանդիպումը կարևորվում էր նրանով, որ այն Հայաստանի նոր իշխանությունների հետ առաջինն էր: Բավական արդյունավետ քննարկում եղավ, մանրամասն խոսակցություն ծավալվեց միջոցառման ձևաչափի, խնդիրների վերաբերյալ: Երկրի ղեկավարներն ամբողջական աջակցություն հայտնեցին Երևանում համաժողովի անցկացմանը»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Կարեն Վարդանյանը նշեց, որ միջոցառման նախապատրաստման կարևոր փուլում են, մանրամասն քննարկում են մարքեթինգային ծրագիրը:
«Մարքեթինգային ծրագիրը ճիշտ շեշտադրումներով ունենալը չափազանց կարևոր է: Դրանով է որոշվում, թե մեր մեսիջը որքանով է տեղ հասնում մասնակիցներին, ինչպես են դրան արձագանքում: Նոր իշխանությունների կողմից աջակցության պատրաստակամությունը կա, և ես լիահույս եմ, որ մենք բավական բարձր մակարդակի համաժողով ենք անցկացնելու»,-հավելեց Կարեն Վարդանյանը:
Խոսելով նոր կառավարությունից ունեցած ակնկալիքներից՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ նկատում է պատրաստակամություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին նոր թափ հաղորդելու գործում: Կարեն Վարդանյանը կարևորեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Հակոբ Արշակյանի նշանակվելը: Նա տեղեկացրեց, որ արդեն հասցրել են հանդիպել նախարարի նորանշանակ տեղակալի հետ:
«Շատ գոհ ենք այս նշանակումից, Հակոբ Արշակյանը մեծ փորձ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտում թե′ ինժեներական, թե′ բիզնես զարգացման ուղղություններով: Շատ բարձր մակարադակի պրոֆեսիոնալ է: Դրական ազդակները կան, պատրաստակամությունը կա, հիմա քննարկվում են առաջիկա անելիքները՝ ոլորտի զարգացման ուղղությամբ»,-հավելեց նա:
https://armenpress.am/arm/news/933960.html