ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գենետիկորեն փոփոխված երեխաներ

Չինացի գիտնական Հի Ժյանկույի աղմկահարույց հայտարարությունը, համաձայն որի Չինաստանում լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին գենետիկորեն փոփոխված երեխաները, մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: Չինացի գիտնականների մեծ մասը միասնական դիրքորոշում ունի Ժյանկույի հայտարարության վերաբերյալ: Ավելի քան 120 գիտնականի համատեղ հայտարարությունում նշվում է, որ կատարվածն ուղղակի «խենթություն» է: Նրանք դատապարտել են գիտափորձն ու իշխանություններին կոչ արել ուսումնասիրել հարցը: Մասնագետների կարծիքով՝ դա «ակադեմիական էթիկայի և նորմերի կոպիտ խախտում է»: Ժանկույը պատասխանել է քննադատություններին՝ հայտարարելով, որ «հպարտ է իր արածով»:
Նա նաև հավելել է, որ ևս մի կին համաձայնել է մասնակցել իր գիտափորձին ու արդեն հղի է գենետիկորեն փոփոխված պտղով:
Չինաստանի առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: Այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են պարզելու համար՝ արդյոք գիտնականի պնդումները համապատասխանում են իրականությանը: