ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Իսրայելում աստվածաշնչյան ամրոց է հայտնաբերվել

Իսրայելցի հնագետները երկրի հարավում հայտնաբերել են Ք.ա. 12-րդ դարի քանանյան ամրոց: Ըստ Աստվածաշնչի՝ սա այն ժամանակահատվածն է, երբ կատաղի մարտեր են մղվել իսրայելցիների, քանանացիների և փղշտացիների միջև: Այս գտածոն հնարավորություն կտա լույս սփռել քանանյան ժողովրդի առեղծվածային պատմության վրա:
3200-ամյա ամրոցն ունեցել է 19x19մ չափեր, 2 հարկ ու հսկիչ աշտարակներ՝ ծայրերին: Բակը սալարկված է եղել քարերով, կենտրոնում վեր են խոյացել սյուներ: Սենյակ-պահոցներում հայտնաբերվել են բազմաթիվ կավե անոթներ, այդ թվում՝ ծիսական նշանակության:

Ամրոցը գտնվել է անտառում՝ Թել-Ավիվից մոտ 50 կմ հեռավորության վրա:
Նշված ժամանակաշրջանում քանանացիները գտնվել են եգիպտացիների տիրապետության տակ, և ամրոցաշինությունն, ինչպես նաև կավագործությունն, իրենց վրա կրել են եգիպտական մշակույթի ազդեցությունը:
Եգիպտոսը հեռացել է քանանացիների տարածքից Ք.ա. 12-րդ դարի կեսերին, ինչից հետո անպաշտպան մնացած քանանացիներն անվերջանալի ու բզկտող մարտերի մեջ են ներքաշվել փղշտացիների ու իսրայելցիների հետ: Նրանց ամրոցներից շատերն անկում են ապրել ու ավերվել: