ՆՁԱԿ
   
 

«Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոց 

2019թ. մայիսի 16-ին  Նորամուծության և ձեռներեցության աջակցության ազգային կենտրոնում տրվեց «Նորարարությունների կառավարում»  V միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մեկնարկը:  Բացման խոսքով հանդես եկավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը, որում նա անդրադարձավ գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գործում նորարարությունների կառավարման ուղղությամբ գիտելիքների ձեռք բերման անհրաժեշտությանը և այդ համատեքստում կարևորեց նշված ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստման հարցը:

Դպրոցի բացման արարողությանը ներկա էին հրավիրված հյուրեր` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի Ելբասի ֆոնդի գիտության խորհրդի փոխնահագահ Սուխրաբ Ժապարովը և գիտության խորհրդի անդամ Գանի Աբադանը, ովքեր ողջյունի խոսքով դիմեցին դպրոցի մասնակիցներին,  ընդգծելով դպրոցի դերն ու նշանակությունը երիտասարդների ոչ ֆորմալ կրթության ոլորտում և ձեռք բերած գիտելիքների ի շահ Հայաստանի ծառայեցնելու կարևորությունը:

Մասնակիցներին  ողջունեցին նաև դասընթացավարներ` Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրի նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր Մարի-Հրաչուհի Պօղոսեանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար, բիզնես թրեյներ Դավիթ Իսկանդարյանը, ինչպես նաև մասնակիցներ Բելառուսից և Ղազախստանից:

Բացման արարողության ավարտից հետո աշխատանքային խումբը մեկնեց ք. Ծաղկաձոր`շարունակելու աշխատանքները:

Ծրագրի առաջին աշխատանքային սեսիան` «Ստեղծագործական մտածելակերպ և ինովացիա» թեմայով, բացեցին «Նորարարության Խթանման և Հետազոտության Կենտրոնի» համահիմնադիրներ Մարի-Հրաչուհի Պօղոսեանը և Էլիզաբեթ Քեշիշյանը: Նրանք մասնակիցներին ներկայացրին նորարարությունների անհրաժեշտությունը ներկա մշտապես փոփոխվող բիզնես միջավայրում դիմակայելու hամար և այդ գործընթացում կարևորեցին ստեղծագործական և քննադատական մտածելակերպի դերն ու նշանակությունը:

Առաջին աշխատանքային օրվա հաջորդ սեսիան նվիրված էր նորարարական բիզնես սկսելու գործում շատ կարևոր բաղադրիչ հանդիսացող բիզնես պլանավորման և կառավարման հարցին, որը վարեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար, բիզնես թրեյներ Դավիթ Իսկանդարյանը: Նա ներկայացրեց բիզնես պլանի բաղադրիչները, կազմման մեխանիզմները` դասախոսությունն ավարտելով ֆինանսական մոդելավորման գործիքների մանրամասն նկարագրությամբ:

Օրվա վերջում Եվրոպական բիզնես հրեշտակների ասոցիացիայի ներդրումային ռիսկերի կառավարիչ Նարեկ Մանասերյանը ինտերակտիվ քննարկման միջոցով մասնակիցներին ծանոթացրեց բիզնես մոդելի կտավին (Canvas), որի հիման վրա մասնակիցները, բաժանվելով խմբերի, սկսեցին աշխատել իրենց սեփական գաղափարների մոդելավորման վրա: Օրվա ավարտին կազմակերպվեցին պարեր և խաղեր:

Ծաղկաձորում ընթացող հինգերորդ միջազգային գիտական դպրոցի երկրորդ աշխատանքային օրը բաղկացած էր մի շարք սեսիաներից:

Օրվա մի մասը նվիրված էր բիզնես պլանի մաս կազմող մարքեթինգային պլանավորմանը, որի ընթացքում բիզնես խորհրդատու Տաթև Հովհաննիսյանը ինտերակտիվ խաղի և կոնկրետ օրինակների միջոցով ներկայացրեց մարքեթինգային հետազոտության, գաղափարի կենսունակության վերլուծության և մարքեթինգային ռազմավարության հիմնական բաղադրիչները, գործիքները և դրանց առաձնահատկությունները:

Այնուհետև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի հանրային կապերի միջոցառումների գծով պատասխանատու, ֆանդրայզինգի խորհրդատու Ջեմմա Սաֆարյանը ներկայացրեց քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների այլընտրանքային ֆինանսավորման միջոցի էությունը, մեխանիզմը, կիրառվող տարբեր գործիքների առավելություններն ու հաջողության գործոնները:

Հաջորդ սեսիան նվիրված էր գաղափարների` դրամական արդյունքի վերածմանը, որի ընթացքում “Youth Business International” միջազգային բիզնես ասոցացիայի հիմնադիր և անձնական արդյունավետության թրեյներ, արտոնագրված բիզնես-թրեյներ Գանի Աբադան ներկայացրեց գաղափարների իրականացման գործում հաջողության հասնելու համար կարևոր անձնական արդյունավետության գործոնների դերը` ընդգծելով սեփական արժեքներին հավատարիմ մնալու դիրքորոշումը: Հատուկ նշանակություն տալով բիզնես մոդելի ճկուն փոփոխության անհրաժեշտությանը` տարբեր հանգամանքներից կախված` նա ներկայացրեց  համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հաջողակ բիզնես մոդելների օրինակներ:

Օրվա վերջում Եվրոպական բիզնես հրեշտակների ասոցիացիայի ներդրումային ռիսկերի կառավարիչ Նարեկ Մանասերյանը անցկացրեց գործնական սեսիա, որի ընթացքում նա ծանոթացրեց տարբեր շահառուներին նախագծերի ներկայացման հմտություններին, ներկայացրեց  նախագծերի, գաղափարների առավելությունների ճիշտ կիրառման ձևերը և սխալներից խուսափելու տարբերակները:

Եվ վերջում որպես ծրագրի ամփոփում` հիմնվելով դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների վրա, նորարարական գաղափարներ ունեցող մասնակիցները` ձևավորված խմբերով, միմյանց ներկայացրեցին սեփական գաղափարների Business Canvas մոդելները` հնարավորություն ունենալով ստանալու անհրաժեշտ ուղղորդում դրանց զարգացման համար:

Ծրագրի իրականացման գործում իրենց ներդրման համար բոլոր դասախոսներին հանձնվեցին շնորհակալագրեր:

Ծրագրի ավարտին տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը, որին հաջորդեց հրաժեշտի երեկոն:

Ծրագրի վերջին` 3-րդ օրը աշխատանքային խումբը մեկնեց էքսկուրսիոն տուրի Հայաստանի պատմամշակութային վայրերով: