ՆՁԱԿ
   
 

«Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում»

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը  2020թ. սեպտեմբերի  25-ին կազմակերպել է «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով շնորհանդես, որը  նվիրված էր գիտնական,  գրող, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ Ստեփան Պապիկյանի կողմից ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ավանդադրած` «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը» մենագրության, «Երևանի ՋԷԿ-ի արդի վիճակը և զարգացման հեռանկարները», ինչպես նաև «Հրազդանի ՋԷԿ-ի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» գիտական աշխատանքների ներկայացմանը:
Միջոցառմանը մասնակցեցին «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ի, ԱԻՆ ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի, Երևանի Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչներ և  հետաքրքրված անձինք:
Ներկաներին ողջունել և միջոցառման նպատակի մասին ներկայացրել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը: Այնուհետև Ս. Պապիկյանը խոսել է Գյումրի քաղաքի Էներգետիկայի պատմության, էլեկտրակայանների, ինչպես նաև ջերմամատակարարման համակարգերի վերաբերյալ կարևոր պատմական տեղեկությունների,  Երևանի և Հրադանի ՋԷԿ-երի վերաբերյալ պատմական տվյալների, արդի վիճակի և զարգացման հեռանկարների մասին:  Հեղինակը ներկայացրել է նաև կատարված այն վերլուծություններն ու առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան տնտեսել վառելիքաէներգետիկ ռեսուրսները՝ նպաստելով բնապահպանական խնդիրների լուծմանը:
Բանախոսը միջոցառման ընթացքում կարևորել է նաև  գիտատեխնիկական գրադարանի կողմից իրականացվող «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայությունը, որը մասնավորապես հնարավորություն է ընձեռել հեղինակին պաշտպանել օրենսդրությունից բխող իր հեղինակային իրավունքը, հրապարակային դարձնել գիտական ձեռագիր աշխատանքները, ի պահ դնել գրադարանի ֆոնդերում և հասանելիություն ապահովել հանրության լայն շրջանակներին։
Վերջում Ստեփան Պապիկյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, խոսել իր ապագա ծրագրերից, մասնավորապես տարիների ընթացքում հավաքագրված իրերի և որպես փաստագրական նյութեր հրապարակած իր գիտական աշխատանքերի հիման վրա Էներգետիկայի թանգարան ստեղծելու մասին: Այս ծրագրին  աջակցելու պատրաստակամություն է հայտնել գրադարանի ղեկավարը:
Մասնակիցները ծանոթացել են նաև գրադարանի ավանդադրված գիտական աշխատանքների ֆոնդին, ինչպես նաև նոր գրականության ցուցադրություններին և «Գիտական աշխատանքերի ավանդադրում» ծառայության մանրամասներին: