ՆՁԱԿ
   
 

Վեբինար-քննարկում

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2021թ. հունվարի 26-ին կազմակերպել է տեղեկատվական միջոցառում բաղկացած 2 մասից: Առաջին մասում մասնակիցներին ներկայացվել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իրականացրած հեռավար աշխատանքները «COVID-19» համավարակի պայմաններում, իսկ երկրորդ մասում կայացել է խմբային մասնակցություն EBSCO ընկերության կողմից անցկացվող վեբինարին:

 Հայտնի է, որ EBSCO ընկերությունը աշխարհի առաջատար հրատարակիչների գիտական ​​պաշարների խոշոր մատակարարներից է, որն առաջարկում է տեղեկատվական պաշարներ գիտության և տեխնիկայի բոլոր ոլորտներում` բավարարելով օգտվողների լայն շրջանակի հետազոտական ​​և կրթական կարիքները:

Միջոցառմանը մասնակցել են Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական,  Հանրապետական  գիտաբժշկական, Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանների, Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական, Երևանի «Գլաձոր» համալսարանների, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գրադարանների ներկայացուցիչները և ՆՁԱԿ-ի աշխատակիցները:

Միջոցառումը վարել է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորելով նման հանդիպումների կազմակերպումը հույս է հայտնել, որ ներկա իրավիճակում մասնակիցների օգտակար փորձի ներկայացումը հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով լուծել գրադարանային մարտահրավերներով պայմանավորված  խնդիրները:

Սկզբում, գրադարանի ղեկավարը ԵՊՀ դոցենտ Դիմիտրի Խաչատրյանին է հանձնել Շնորհակալագիր, ով գրադարանին նվիրել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Օգիլվիի անձնական գրադարանի գրքերը և ամսագրերը:

Հետո  ներկաները լսել են  ՆՁԱԿ-ի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանի զեկույցը «Հեռավար գրադարանային աշխատանք: ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի փորձը» թեմայով: Զեկույցում խոսվել է գիտատեխնիկական գրադարանի Էլեկտրոնային գրացուցակի համալրումը հեռավար կազմակեպելու և այն պարբերաբար համալրվել է տնտեսության տարբեր ոլորտների  էլեկտրոնային գրքերով, էլեկտրոնային լիատեքստ մասնագիտական ամսագրերի հոդվածներով, գիտության տարբեր ճյուղերի հայտնի գիտնականների  տեսադասախոսություններով (2019թ.-ից ստեղծված ուսումնական տեսադասախոսությունների պրոբլեմային ուղղվածության եզակի շտեմարան)  որոնք կարող են օգտակար լինել նաև հեռավար ուսուցման կազմակերպման համատեքստում: Սոցիալական մեկուսացման պայմաններում առավել քան կարևորվել է օգտվողների հեռավար տեղեկատվական սպասարկումը գրադարանի Փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով: Տեղեկատվական սպասարկում է իրականացվել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկությունների, պետական կառավարման մարմինների, գրադարանների, անհատ օգտվողների համար՝ թվով 397 շահառու:   Հեռավար տեղեկատվական սպասարկման համատեքստում առավել ընդգծվել է ՆՁԱԿ-ի և մասնաճյուղերի սոցիալական տարբեր հարթակների էջերի ակտիվությունը, մասնավորապես, տեղադրվել են 524 առցանց ցուցադրություններ: ՆՁԱԿ-ի կայքէջում, ֆեյսբուքյան, թվիթերյան, լինքդինյան էջերում տարբեր խորագրերով պարբերաբար պատրաստվել են տեսահոլովակներ, տեղեկատվական նյութեր և անցկացվել ցուցադրություններ ՌԴ գիտատեխնիկական էլեկտրոնային ամսագրերի թրեյլերների,   նոր մասնագիտական գրքերի,  գիտատեխնիկական գրադարանի նոր ստացված գրքերի և  ամսագրերի, արտոնագրային և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ֆոնդերի փաստաթղթերի,  ՀՀ-ում գրանցված գյուտերի նկարագրությունների, առցանց միջազգային գիտագործնական գիտաժողովների, բաց մատչելիության գիտատեխնիկական տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանների և այլն:  Զգալիորեն ավելացել է 2020թ. Կենտրոնի և մասնաճյուղերի ֆեյսբուքյան էջերի բաժանորդների թիվը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը «Գրադարանի հեռավար աշխատանքը» զեկույցում ներկայացրել է   «Տիգրան Հայրապետյան» էլեկտրոնային գրադարանի հեռավար աշխատանքային ուղղությունները, հեռավար ուսուցման կազմակերպումը, ինչպես նաև գրադարանը էլեկտրոնային այլ հարթակներում:

Այնուհետև ներկաները մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով խմբային մասնակցել են «Որտեղ և ինչպես որոնել տեղեկատվություն: Որոնում EBSCOhost հարթակում և համացանցում» թեմայով EBSCO ընկերության (ռուսերեն լեզվով) վեբինարին: Վերջինս հնարավորություն է տվել տեղեկանալ EBSCOhost հարթակում արդիական, որակյալ տեղեկատվության որոնման բազմաթիվ հնարավորությունների, վստահելի աղբյուրներից գրքերի ներբեռնման և այլնի մասին:

Ի դեպ խմբային մասնակիցները կստանան հավաստագրեր շնորհիվ EBSCO-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային ներկայացուցչի հետ ձեռք բերված համաձայնության:

Վերջում կայացել է ներկայիս իրավիճակում գրադարանների դերի վերաբերյալ մտքերի և կարծիքների փոխանակում:

Տես նաև՝

Գրադարանավարի բլոգ - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

https://gradaranblog.wordpress.com/2021/01/25/%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6%d5%b1%d5%a1%d5%af-%d5%ab%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d5%af%d5%a1/