ՆՁԱԿ
   
 

«Նորարար գրադարաններ 2021»

Ս.թ. հունիսի 16-18-ը  Ծաղկաձորում անցկացվել է եռօրյա աշխատանքային հագեցած օրակարգով «Նորարար գրադարաններ 2021» աշխատաժողովը, որին մասնակցել են  գրադարանների ավելի քան 35 աշխատակից  Երևանից և հանրապետության տարբեր մարզերից:
Այս ամենամյա գրադարանային ֆորումները Հայաստանում սկիզբ են առել 2017թ-ից՝ ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի նախաձեռնությամբ, որոնց նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը: Աշխատաժողովի բանախոսներն անդրադարձել են այնպիսի արդիական հարցերի, ինչպիսիք են  գրադարանային պաշարների թվայնացումն ու շտեմարանների ձևավորման ժամանակակից միջոցների կիրառումը, գրադարանային մարքեթինգի,  հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանների դրական իմիջի ձևավորումը:  Ցուցադրվել են եռաչափ տպագրության և մոդելավորման սարքն իր աշխատանքային ընթացքում և 3D տպիչով ստեղծված առարկաներ: Ծավալվել են գրադարաններում ստեղծարար տեխնոլոգիաների կիրառման, փաստաթղթերի թվայնացման և էլեկտրոնային գրքի ձևաչափերի,  էլեկտրոնային ընթերցող սարքերի,   գրադարաններում հեղինակային իրավունքի պահպանման,  անձի  ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկումներ:
Աշխատաժողովին մասնակցել են նաև Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցներ Մարգարիտա Մանուկյանը և Գյումրու մասնաճյուղից Անահիտ Կարապետյանը:
Մարգարիտա Մանուկյանը իր հակիրճ ելույթում ներկայացրել է  Գիտատեխնիկական գրադարանի նորարարական ծառայությունները:
Այսպիսի աշխատաժողովների դերը կարևոր է մասնագիտական փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև գրադարանային հանրության միջև փոխադարձ կապեր հաստատելու և լավագույն ավանդույթներ ձևավորելու հարցում: 

#library_innovation_workshop2021

#Նորարար_գրադարաններ_2021

ՆՁԱԿ_ՊՈԱԿ  #Գիտատեխնիկական_գրադարան