ՆՁԱԿ
   
 

«Գրադարանային վիճակագրության առանձնահատկությունները»

2022թ. հունվարի 26-ին, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM առցանց ռեժիմով կայացել է վեբինար «Գրադարանային վիճակագրության առանձնահատկությունները»  թեմայով:

Վեբինարի նպատակն էր փորձի փոխանակման ձևաչափով քննարկել գրադարանների գործունեության արդյունավետության գնահատման քանակական և որակական բնութագրիչները, բացահայտել առկա խնդիրները, ճշգրտել տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանությունը, մասնավորապես համեմատական վերլուծության, պլանավորման,  հաշվետվողականության ու կանխատեսման մեջ օգտագործելու համար:

 Վեբինարին մասնակցել են Հայասատանի ազգային գրադարանի, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վ. Բրյուսովի անվան պետական, ազգային պոլիտեխնիկական, ֆրանսիական, Երևանի հյուսիսային համալսարանների գիտական գրադարանների,  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի,  Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական  համալսարանի, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի, մարզային, դպրոցների գրադարաններ, ՆՁԱԿ-ի և մասնաճյուղերի  ներկայացուցիչներ, թվով՝ 80 հոգի:

Վեբինարը վարել է Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով  հանդես է եկել ողջույնի խոսքով և կարևորել միջոցառման կազմակերպումը՝ հաշվի առնելով գրադարանների վիճակագրության անհրաժեշտությունը ոչ միայն գրադարանների արդյունավետ կառավարման, գիտելիքամետ հասարակության զարգացման գործում գրադարանների ներդրումը գնահատելու, այլ գրադարանների ռազմավարական պլանավորման համար:

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի գիտնական քարտուղար Լիլիթ Վարդանյանը  իր զեկույցում ներկայացրել է գիտատեխնիկական գրադարանի սեփական փորձը, մշակված վիճակագրական գործիքները, դրանց կիրառման միջոցով ձևավորված վիճակագրական տվյալները, վերլուծության արդյունքները և հետագա օգտագործումը աշխատանքի պլանավորման ու ոլորտային կանխատեսումների համար։ Բանախոսը խոսել է Հայաստանի գրադարանների աշխատանքների վիճակագրական վերլուծությանը վերաբերող Ազգային գրադարանի հրատարակության, գրադարանային վիճակագրությանը վերաբերող գործող ՌԴ ստանդարտի (ԳՕՍՏ), IFLA-ի մանիֆեստի մասին: Ամփոփելով բանախոսը նշել է, որ  տեղեկատվության անընդհատ փոփոխվող աշխարհում գրադարանների նոր վիճակագրության անհրաժեշտության մասին՝ նոր գործընթացները կառավարելու, դրանք խթանելու և զարգացնելու, ինչպես նաև իրենց գործունեությունն արդյունավետ պլանավորելու համար։

Կայացել է մտքերի և կարծիքների ակտիվ փոխանակում կապված վիճակագրական տվյալների հավաստիության ստուգման, միասնական համակարգում տվյալների ներկայացման, դրանց հավաքագրման գործընթացի ավտոմատացման կարևորության, ընթերցողական միասնական քարտի ստեղծման, ինչպես նաև գրադարաններում  SWOT վերլուծության իրականացման վերաբերյալ, որը կօգնի գրադարանների ուժեղ և թույլ կողմերի գնահատմանը և հետևապես՝ զարգացմանը: Ազգային գրադարանի ներկայացուցիչը բարձրաձայնել է մտահոգիչ փաստ՝ վերջին 20 տարում գրադարանների թվի կիսով չափ նվազման մասին, կարևորելով գրադարանային արդյունավետ մենեջմենթի, մարքեթինգային գործիքների կիրառումը, որպեսզի լավագույնս լուծում տրվի գյուղական գրադարաններին սպասվող ճակատագրին:

Վիբինարի ձայնագրությունը նայել հետևյալ հղումով՝

 https://www.youtube.com/watch?v=vSV-iTN-Of0