ՆՁԱԿ
   
 

«Գրքի նվիրատվություն և մասնագիտական հանդիպում»

Ս.թ. մարտի 10-ին Գիտատեխնիկական գրադարանում կայացավ «Գրքի նվիրատվություն և մասնագիտական հանդիպում» Երևանի մի շարք գրադարանների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական, Աջափնյակի Շ. Ազնավուրի անվան, Փոքրիկ իշխան կրթահամալիրի դպրոցական, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ/նախկինում Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի գրադարանների, Ա.Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչները:
Գիտատեխնիկական գրադարանի մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին համապատասխան բաժիններում իրականացվող, մասնավորապես` գրականության համալրման, գիտական և տեխնիկական մշակման, գրադարանային գործընթացների ավտոմացման «ԻՐԲԻՍ» համակարգում փաստաթղթերի մուտքագրման աշխատանքները, էլեկտրոնային գրացուցակներից օգտվելու հնարավորությունները, ինչպես նաև տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայությունը: Նրանց համար կազմակերպվել էր շրջայց հանրապետության 2-րդ խոշոր գրադարանի ֆոնդեր, որտեղ ծանոթացան գրքերի, ամսագրերի, տարբեր կրիչների տեսքով արտոնագրային և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների հարուստ հավաքածուներին: Հյուրերը դիտեցին նաև գործող գիտատեխնիկական գրականության, այդ թվում՝ գրադարանային գործի վերաբերյալ թեմատիկ ցուցահանդեսը:
Վերջում ներկաները իրենց գրադարանների համար նվեր ստացան ՀՀ ազգային արժեք հանդիսացող Բյուրականի աստղադիտարանի 75 տարվա պատմությունը ներկայացնող «Բյուրականի աստղադիտարան. ականավոր նվաճումների 75 տարին» նոր հրատարակված գիրքը, որպես գրքի հեղինակի հետ գրադարանի կողմից կազմակերպված առցանց հանդիպման մասնակիցներ: Վերջիններս դարձան գրադարանի բաժանորդներ, ինչպես նաև ցանկություն հայտնեցին օգտվել փաստաթղթերի էլեկտրոնային ծառայության միջոցով թեմատիկ սպասարկումից և շարունակել փոխհամագործակցությունը: