ՆՁԱԿ
   
 

«Գրադարանային շաբաթ»

Ս/թ 18-25 ապրիլի «Գրադարանային շաբաթ»  ծրագրի շրջանակներում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումների շարք, որին մասնակցել են հանրապետության տարբեր գրադարանների, ՆՁԱԿ-ի, մասնաճյուղերի աշխատակիցներ և հետաքրքրված անձինք:


ա) Գրադարանի մասնագիտական պաշարների ցուցահանդես. այն ընդգրկում էր տարբեր ոլորտների բաց մատչելիության մասնագիտական ռուսական լիատեքստ ամսագրեր, գրադարանի ստեղծած էլեկտրոնային տեղեկատվալան ռեսուրսները (տեսադասախոսություններ, լիատեքստ ամսագրերի, գրքերի թրեյլերներ), արտոնագրային և  նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև գրադարանը սոցիալական ցանցերում:


բ) Գրադարանը իրակացրեց նաև առցանց շրջագայություն ՀՀ ազգային արժեք հանդիսացող Բյուրականի աստղադիտարանում, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ: Առցանց շրջագայության ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Բյուրականի աստղադիտարանի խոշորագույն՝ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակը, պատմեցին Վ. Համբարձումյանի, մյուս նշանավոր և ներկայումս աշխատող հայ աստղագետների, ինչպես նաև աշխարհի աստղադիտակների, աստղադիտարանի միջազգային համագործակցության, կազմակերպվող միջոցառումների, գիտական արդյունքների, կրթական և հանրային գործունեության մասին:

    

 

 

 

 

 

 

 

գ) Մտավոր սեփականության միջազգային օրվան ընդառաջ՝ գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Գիտաարտադրական նորարարական ձեռնարկությունների միավորման (Գ.Ա.Ն.Ձ. Գրուպ) նախագահ  Տիգրան Ալաջաջյանի,  ՀՀ մտավոր սեփականության  գրասենյակի Գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետ Ավետիս Պերյանի և  Արտոնագրավար, միևնույն ժամանակ գիտատեխնիկական գրադարանի ակտիվ օգտվող Լևոն Ղազարյանի հետ:

Ավետիս Պերյանը ներկաներին ծանոթացրեց Հայաստանի Հանրապետությունում գյուտերի իրավական պահպանության բնագավառում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ոլորտի զարգացման առկա միտումներին, ինչպես նաև ծառայողական գյուտերի իրավական պահպանության տրամադրման առանձնահատկություններին և այլն:
Ներկաներին իր սեփական փորձի մասին խոսեց բազմաթիվ գյուտերի հեղինակ Տիգրան Ալաջաջյանը, ում գյուտերը, ծրագրերը նպատակաուղղված են հոգալու բնության, շրջակա միջավայրի, կենդանիների և մարդու առողջության մասին, ինչպես նաև վերականգնելու մարդու և բնության միջև ներդաշնակ մթնոլորտը:
Արտոնագրավար, միևնույն ժամանակ գիտատեխնիկական գրադարանի ակտիվ օգտվող Լևոն Ղազարյանը ներկայացրեց գյուտի արտոնագրի, որպես գյուտի իրավական պահպանության փաստը հավաստող փաստաթղթի ստացման համար իրականացվող աշխատանքների, դրանցում արտոնագրավարի դերակատարման և գրադարանի արտոնագրային ֆոնդից օգտվելու կարևորության մասին: Վերջում հյուրերը պատասխանեցին  մասնակիցներին հետաքրքրող հարցերին:


դ) Կազմակերպված միջոցառումներից էր նաև ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Բարձր տեխնոլոգիական տնտեսության ձևավորման ու զարգացման հեռանկարները ՀՀ–ում» գիտական թեմայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Սվետլանա Դալլաքյանի կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության նորարարական տնտեսությանը նվիրված «Инновационная экономика РА: перспективы, возможности, тенденции» (2022թ.) մենագրության շնորհանդեսը:
      Հեղինակը ներկայացրեց  գրքում տեղ գտած իր դիտարկումները.

  • ՀՀ տնտեսության նորարարական զարգացումը և մրցունակության տեսական հիմքերն ու առանձնահատկությունները, մասնավորապես ՀՀ-ում նորարարական տնտեսության զարգացման խնդիրներն ու հեռանկարները,
  • ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման արդիականությունն ու ներուժը գիտելիքի և նորարարությունների համատեքստում,
  • կլաստերացումը՝ որպես նորարարական տնտեսության մրցունակության գործիք,
  • ՀՀ նորարարության  ոլորտում փոքր և միջին բիզնեսի զարգացման հիմնական խնդիրներն ու հեռանկարները:

Սվետլանա Դալլաքյանը խոսեց նաև կատարված վերլուծական աշխատանքի մասին, որը իրականացվել է վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա՝ ընտրված օտարերկրյա և հայրենական գիտնականների հրապարակումներից:

Ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր  ուսումնական շրջայց:

Գիտատեխնիկական գրադարանի մասնագետները ներկայացրեցին  համապատասխան բաժիններում իրականացվող, մասնավորապես` գրականության համալրման, գիտական և տեխնիկական մշակման, գրադարանային գործընթացների ավտոմացման «ԻՐԲԻՍ» համակարգում փաստաթղթերի մուտքագրման աշխատանքները, գրադարանի էլեկտրոնային գրացուցակներից  օգտվելու հնարավորությունները:

Ներկայացվեցին նաև փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության առավելությունները՝ ի տարբերություն համացանցի, որոնց արդյունավետության արգասիքն է որակյալ և հավաստի տեղեկատվությունը։

Հյուրերի համար գործում էր գիտատեխնիկական գրականության, այդ թվում՝ գրադարանային գործի վերաբերյալ  թեմատիկ ցուցահանդեսը: Միջոցառումների ժամանակ Շնորհակալագրեր հանձնվեցին Գիտատեխնիկական գրադարանի մի շարք աշխատակիցների, ինչպես նաև գրադարանների՝ ակտիվ և արդյունավետ համագործակցությնա համար: