ՆՁԱԿ
   
 

Հանդիպում աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ 

Ս.թ. նոյեմբերի 8-ին ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել է հանդիպում աշխարհագրագետ, քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող, գրքերի հեղինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի հետ «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը. Աշխարհագրական, քարտեզագրական և պատմական իրավիճակի փոփոխություններ» խորագրով:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և «Հայ Զինվոր» հանդեսի ներկայացուցիչներ, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի սաներ, մանկավարժներ,  ՆՁԱԿ-ի  և գրադարանի աշխատակիցներ:
Ներկաներին ողջունել է ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորելով ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանի պատմական սահմանների վերաբերյալ թեմայի արդիականությունը, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր քարտեզագետին իր հետ բացառիկ հանդիպումը իրականացնելու, ինչպես նաև կարևոր պատմական ու քարտեզագրական տեղեկություններ պարունակող  հեղինակած գրքերի համար:
Իր ելույթում Ռուբեն Գալչյանը, ով ավելի քան քառասուն տարի զբաղված լինելով մեր տարածաշրջանի քարտեզներով,  խոսել է Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմության մասին և մասնակիցներին ներկայացրել տարբեր աղբյուրներից ու երկրներից հավաքած բազմաթիվ քարտեզներ ու քարտեզագրական տեղեկություններ, որոնց մի մասը տեղ է գտել իր հեղինակած աշխատությունների մեջ: Սրանց թվում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև գոյություն ունեցող պատմական, աշխարհագրական ու մշակութային խնդիրներն ու հակասությունները, որոնք նաև բացահայտում են հարևանների պատմական խեղաթյուրումներն ու այլ զեղծարարությունները:
Քարտեզագետը ներկայացրել է օտարների կազմած կարևորագույն քարտեզները՝ ինչպես են նրանք ընկալել և պատկերել Հայաստանը իրենց կազմած քարտեզներում,  ինչպես նաև 20-րդ դարի և դրանից հետո կազմված Հայաստանի անկախ հանրապետությունների սահմանները ցուցադրող քարտեզներ և խոսել Հայաստանի սահմանների պարբերաբար փափոխությունների ու դրանց հիմնական պատճառների մասին:
Հեղինակը իր հրատարակած գրքերից 6-ը նվիրաբերել է գրադարանին, որի համար ի նշան երախտագիտության նրան հանձնվել է Շնորհակալագիր: Վերջում ներկաները  ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մասնակիցները ծանոթացել են նաև Գիտատեխնիկական գրադարանի մասնագիտական տեղեկատվական պաշարների թեմատիկ ցուցահանդեսին, ոմանք գրանցվել են դառնալով գրադարանի օգտվողներ, ինչպես նաև եղել է համագործակցության առաջարկ գրադարանի հետ: