ՆՁԱԿ
   
 

Գիտատեխնիկական գրադարանը երեկ, այսօր և վաղը

    

 

 

 

 

 

 

 

 


Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գիտատեխնիկական գրադարանը ապրիլի 17-21-ը «Ազգային գրադարանային շաբաթ 2023-ի շրջանակում Երևանում և 4 մասնաճյուղերում (Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան) իրականացրել է մի շարք միջոցառումներ տարբեր խորագրերով:

Երևանի մասնաճյուղում ապրիլի 19-ին գրադարանը «Գիտություն, կրթություն, տեխնոլոգիաների առևտրայնացում» թեմայի քննարկման շրջանակում իր շուրջն էր հավաքել ոլորտի  մի շարք մասնագետների, գիտնականների, գյուտարարների, տեղացի և միջազգային փորձագետների: Տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի, ՀՀ-ում ներդրման առավելությունների, մարտահրավերների և միջազգային փորձի մասին հարցերով հանդես եկան բանախոսներ Միհրան Արոյանը (ՆՁԱԿ-ի միջազգային փորձագետ, Տեխասի համալսարանի պրոֆեսոր) և Միքայել Խանբեգյանը (Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, հետազոտական խմբի ղեկավար):

 

Այնուհետև գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Ն. Սիրականյանը ներկայացրեց գրադարանի գործունեությունն ու դերը տնտեսության գերակա ոլորտների զարգացման գործընթացում՝ ընդգծելով մասնագիտացված գրադարանի առանձնահատկությունները: Նա խոսեց գրադարանի 60-ամյա գործունեության, շուրջ 22 միլիոն օրինակ գրադարանային փաստաթղթերի առկայության և գիտատեխնիկական ոլորտում  դրանց կարևորության մասին, ներկայացրեց նաև գրադարանի ներկա առաքելությունը, որն է՝ ոչ միայն գրադարանային ծառայությունների մատուցումը, այլ նաև տնտեսության գերակա ոլորտներին ու բիզնեսին աջակցությունը՝ բազմաբնույթ միջոցառումների, սեմինարների, կլոր սեղան քննարկումների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնցում կքննարկվեն կրթության, գիտության, տնտեսության գերակա ոլորտներում առկա խնդիրների, մարտահրավերների և զարգացման ուղղությունների վերաբերյալ հարցեր՝ շեշտադրելով կրթության տարբեր մակարդակներում հետազոտական բաղադրիչի զարգացումը, գիտության մեջ՝ կիրառական նշանակություն ունեցող հետազոտությունների իրականացումը, դրանց միջազգային չափանիշներին համահնչեցումը, քանզի այսօր հրամայական է դարձել գիտելիքահենք տնտեսության զարգացումը, մրցունակությունը, որի հիմքը պրակտիկ կրթության և գիտության զարգացումն է:

  

Միջոցառման հաջորդ քննարկման թեման վերաբերում էր Կրթության և նորարարության հարցերին, ինչի շուրջ Ն.Սիրականյանի հարցադրումներին անդրադարձան բանախոսները՝ American Councils Armenia կազմակերպության ներկայացուցիչ Մերի Մեսրոպյանը, «Armenian Code Akademy» կազմակերպության   ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը, «Էթիկայի դպրոց» ոչ ֆորմալ կրթության կենտրոնի հիմնադիր, տնօրեն Գևորգ Մկրտչյանը, Tumanyan.Online հայերեն սովորելու առցանց դպրոցի հիմնադիր Հայկ Հովակիմյանը և «Family» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ղեկավար Լիանա Զաքարյանը: Նրանք ներկայացրեցին իրենց ոլորտներում իրականացվող ծրագրերի և դրանց ազդեցության ծավալների, ոլորտում առկա մարտահրավերների ու խնդիրների մասին և պատասխանեցին ներկաների հարցերին:

 

  

Գրադարանի մասնաճյուղերում, որոնք ևս մեծ պահանջարկ ունեն ոչ միայն որպես գրադարան, այլ նաև որպես նորարարական գաղափարների քննարկման կենտրոններ, ևս գրադարանային ազգային շաբաթի շրջանակում իրականացվեցին միջոցառումներ՝ Վանաձորի մասնաճյուղում «Արցախի դեգերող գորգերը», Կապանի մասնաճյուղում՝ «Մթնաձոր. Բնաշխարհը և պատմական միջավայրը, իսկ Գյումրիում՝ «Սերը գրքի և մասնագիտական գրականության հանդեպ» խորագրերով: Մասնավորապես տպավորիչ էր Արցախի գորգերին նվիրված առցանց միջոցառումը,  որին մասնակցում էին  Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը, որը ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունը, Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, ում ջանքերով ցուցանմուշների մեծ մասը տարհանվել էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, գրադարանների, թանգարանների ներկայացուցիչներ և բուհերի ուսանողներ: Իրականացվեց նաև վիրտուալ էքսկուրսիա Լոռի-Փամբակի Երկրագիտական Թանգարան՝ ներկայացնելով յուրաքանչյուր գորգի պատմությունը: