ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները ջրի նոր վիճակ են բացահայտել

Ամերիկացի հետազոտողներն առաջին անգամ ջրի չափումներ են իրականացրել ջրի սառեցման սովորական կետից փոքր-ինչ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որոնց արդյունքում եկել են եզրակացության, որ գերսառեցված ջուրն իրենից ներկայացնում է երկու հեղուկ՝ մեկում:
Ջուրը՝ որպես քիմիական նյութ, մինչ օրս մինչև վերջ ուսումնասիրված չէ: Գիտնականներն այն հաճախ անվանում են ամենաառեղծվածային նյութը Երկրի վրա:
Բանն այն է, որ ջուրը նման չէ մյուս հեղուկներին. սառչելիս այն ընդլայնվում է, ոչ թե սեղմվում, ինչպես մյուս բոլորը, ջրի խտությունը միևնույն ժամանակ նվազում է: Այդ իսկ պատճառով ջրային սառույցը չի սուզվում, այլ լողում է մակերեսին: Ջրի եռման ջերմաստիճանը բարձր է, և այն լավ լուծիչ է, այսինքն տարբեր պայմաններում ջրում մեծ թվով օրգանական և ոչ օրգանական նյութեր են լուծվում:
Բացի այդ, ջուրը ևս մեկ հետաքրքիր հատկություն ունի. այն միանգամից չի սառչում: Եթե այլ հեղուկներ սառեցման կետն անցնելուն պես սկսում են աստիճանաբար անցնել պինդ վիճակի, ջուրը «դիմադրում է» մինչև վերջ: Եվ պինդ վիճակի վերափոխվելու համար ջրին միշտ պետք են հանքային և օրգանական ծագման մասնիկներ՝ բյուրեղացման միջուկներ:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան ազգային լաբորատորիայի մասնագետները որոշել են ստուգել, թե մինչև որ ջերմաստիճանը ջուրը կպահպանի հեղուկ վիճակը, եթե նման մասնիկներ չլինեն:
Նրանք լազերի օգնությամբ կոտրել են սառցե շերտը՝ գերսառեցված հեղուկ ջուր ստեղծելով, այնուհետև ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի օգնությամբ հետևել են ջրի վերափոխման բոլոր փուլերին 135- 245 կելվին ջերմաստիճանում (-138-ից մինչև -28 աստիճան՝ ըստ Ցելսիուսի):
Գիտնականները նկատել են, որ գերսառեցման ժամանակ ջուրը համակենտրոնանում է խիտ հեղուկ վիճակում, որը շարունակում է համագոյակցել սովորական հեղուկ վիճակի հետ:
Գիտնականներն առաջին անգամ փորձով ապացուցել են, որ գերսառեցված ջուրը կարող է գտնվել կայուն երկփուլ հեղուկ վիճակում, իսկ փուլերի վիճակը տարբերվում է կախված ջերմաստիճանից: