ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԸ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԱԱԻ ՆՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՅՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

https://authors.elsevier.com/a/1bePn4y2NqwctZ 

Ուրախ ենք կիսվել ձեզ հետ հաճելի գիտական նորությամբ, որը մեզ հասել է ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրա-բուժության ամբիոնից։
Պաշտոնապես հրատարակվել է ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, քնի խանգարումների մասնագետ (սոմնոլոգ) Սամսոն Խաչատրյանի «Կլայն-Լևինի համախտանիշի հնարավոր նկարագրություն Սասնա Ծռեր հայկական միջնադարյան էպոսում» գիտական հոդվածը բարձր վարկանիշ ունեցող Sleep Medicine բժշկագիտական պարբերականում (Քնի բժշկության համաշխարհային միության պաշտոնական ամսագիր)։

Հոդվածի համահեղինակն է նյարդաբան և քնի խանգարումների հռչակավոր մասնագետ Հրայր Աթարյանը (Չիկագո, ԱՄՆ), ով Նորթվեսթերն համալսարանի բժշկության քոլեջի նյարդաբանության պրոֆեսոր է և քնի խանգարումների կենտրոնի տնօրեն։ 
Բոլորի կողմից սիրված Սասնա Ծռեր էպոսը այս դեպքում ուրույն հետաքրքրություն է ներկայացրել նյարդաբանության և քնի բժշկության տեսանկյունից։ Բոլորը կհիշեն, որ դրվագներից մեկում Մսրա Մելիքը՝ Սասունցի Դավթի թշնամին, քնած է խորը քնով, որը հնարավոր չէ ընդհատել, մինչ ինքը՝ Մսրա Մելիքը չլրացնի իր 7-օրյա քունը։ Երբ Սասունցի Դավիթը պետք է մենամարտի Մսրա Մելիքի դեմ, նրան հայտնում են, որ Մելիքը 3 օր է ինչ քնած է, և  դեռ 4 օր էլ պետք է քնի, այսինքն նրա շջապատին լավ հայտնի է, որ Մելիքին ժամանակ է անհրաժեշտ 7-օրյա  քունը  լրացնելու  համար։  Նկարագրված  քնի տևողությունը,  պարբերականություն ունենալու  փաստը և այլ ախտանիշներ հստակ նկարագրված են էպոսում և գրեթե ամբողջությամբ արտացոլում են ժամանակակից բժշկության մեջ նկարագրված Կլայն-Լևինի համախտանիշի կլինիկական պատկերը։ Կլայն-Լևինի համախտանիշը հանդիպում է շատ հազվադեպ՝ միլիոնին 1-2 հիվանդ։ Կլայն-Լևինի համախտանիշով հիվանդները ունենում են երկարատև քնի դրվագներ՝ օրվա մեջ 15-21 ժամ անցկացնելով քնած։ Նման վիճակը տևում է շաբաթներ, սակայն հետո ունենում են նորմալ հատվածներ, կարծես ոչ մի բան չի եղել։ Քնկոտությանը գումարվում են ծայրահեղ հոգնածությունը, անհագ սնվելը, գերակտիվ սեռական վարքագիծը։

Սա պատմության մեջ Կլայն-Լևինի համախտանիշի առաջին նկարագրված դեպքն է։ Ւնչն էլ ավելի բարձրացնում է հոդվածի նկատմամբ հետաքրքրությունը նաև հայկական մշակույթին անծանոթ մեծ թվով քնի բժշկության մասնագետների կողմից։ Այն կնպաստի աշխարհով մեկ հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացմանը՝ դարձնելով ընթերցողին մասնակից մեր պատմությանը, կհամախմբի հայ և օտարերկրյա բժիշկ մասնագետներին, և կնպաստի Հայաստանում քնի բժշկության և գիտության զարգացմանը։ Դրան են նպաստում նաև հոդվածում օգտագործված Հակոբ Կոջոյանի հայտնի «Սասունցի Դավիթ» նկարն ու բժշկական թեմային համապատասխանող դրվագը։
Առավելևս ուրախ ենք, որ հոդվածի հեղինակը ներկայացնում է Առողջապահության ազգային ինստիտուտն ու բարձր է պահում մեր հաստատության պատիվը միջազգային ասպարեզում։
Շնորհավորում ենք և մաղթում նոր գիտական նվաճումներ։