ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականները զարմանալի նմանություն են գտել ուղեղի կառուցվածքի և տիեզերքի միջև

Իտալացի գիտնականները համեմատել են մարդու ուղեղի նեյրոնային ցանցերի կառուցվածքը տիեզերքում գտնվող գալակտիկաների ցանցի հետ և դրանց միջև բազմաթիվ ընդհանրություններ են գտել: Հետազոտության արդյունքները հրապարակված են «Frontiers of Physics» ամսագրում:
Մարդու ուղեղը և տիեզերքը երկու ամենաբարդ բնական համակարգերն են: Բոլոնիայի համալսարանի աստղաֆիզիկոս Ֆրանկո Վացան և Վերոնայի համալսարանի նյարդավիրաբույժ Ալբերտո Ֆելետտին համարում են, որ չնայած մասշտաբի մեծ տարբերությանը, ֆիզիկական գործընթացները, որոնք հանգեցրել են այս համակարգերում նյութի կառուցվածքին, գործել են նույն օրենքների համաձայն: Արդյունքում ձևավորվել են բարդության և ինքնակազմակերպման նույն մակարդակի կառույցներ:
Մարդու ուղեղը գործում է՝ շնորհիվ շուրջ 69 միլիարդ նեյրոնների հսկայական նեյրոնային ցանցի: Մեր կողմից դիտարկվող տիեզերքն, իր հերթին, բաղկացած է առնվազն 100 միլիարդ գալակտիկաներից: Նեյրոնները և գալակտիկաները, որոնք դասավորված են երկար թելիկների և հանգույցների տեսքով, կազմում են համակարգերի զանգվածի ընդամենը 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը պասիվ դեր կատարող բաղադրիչներ են՝ ուղեղում՝ ջուրը, իսկ դիտարկվող տիեզերքում՝ մութ էներգիան:
Ընդհանուր առանձնահատկությունների հիման վրա հետազոտողները կազմել են երկու համակարգերի նյութերի տատանումների համեմատական մոդել և ուսումնասիրել դրանց կառուցվածքային, ձևաբանական և ցանցային հատկությունները։
Գիտնականները պարզել են, որ ուղեղիկի նեյրոնային համակարգում տատանումների բաշխումը հետևում է նույն պրոգրեսիային, ինչ տիեզերական սարդոստայնում նյութի բաշխումը, իհարկե, ավելի այլ մասշտաբներով։
Գիտնականները նաև գնահատել են ինչպես նեյրոնային ցանցը, այնպես էլ տիեզերական սարդոստայնը բնութագրող պարամետրերը և կրկին զարմանալիորեն մեծ նմանություններ են գտել:
«Մեր վերլուծության բացահայտած նմանության զարմանալի աստիճանը ենթադրում է, որ երկու բարդ համակարգերի ինքնակազմակերպումը, ամենայն հավանականությամբ, ձևավորվում է ցանցային դինամիկայի նույն սկզբունքներին համապատասխան», – գրում են հոդվածի հեղինակները:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց առաջարկած մեթոդը կիրառություն կգտնի ինչպես տիեզերաբանության, այնպես էլ նյարդավիրաբուժության մեջ և թույլ կտա ավելի լավ հասկանալ ինչպես ուղեղի, այնպես էլ տիեզերքի ուղղորդված դինամիկան, որն ընկած է ժամանակային էվոլյուցիայի հիմքում: