ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Այժմ մարդիկ զարգանում են ավելի արագ, քան երբևէ, և պատճառն ամենևին գենետիկական չէ

Դարեր ի վեր մեր նախնիներն, ապրելով իրենց կյանքը, կուտակել են բազմաթիվ փոքր գենային մուտացիաներ, որոնց բնական ընտրության արդյունքում, ի վերջո, այսօր մենք դարձել ենք այն, ինչ կանք։Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդկության էվոլյուցիան այլևս կապված չէ միայն գենետիկայի հետ։ էվոլյուցիայի վրա այժմ առավելապես ազդում  է մշակույթը, որի միջոցով փոխանցվող սովորություններն ու սոցիալական հարաբերություններում առկա վարքագծի ու կենսակերպի կանոնները «փոխարինում» են մուտացիաներին։ Ըստ այդմ, ժամանակակից մարդն ավելի շատ արդյունք է մշակութային էվոլյուցիայի, քան բնական ընտրության։Երբ վիրուսը հարձակվում է տեսակի վրա, այն գենետիկ էվոլյուցիայի շնորհիվ աստիճանաբար ձևավորում է դիմադրողականություն տվյալ վիրուսի նկատմամբ։ Սակայն նման էվոլյուցիան, որպես կանոն, տեղի է ունենում շատ դանդաղ, ինչ արդյունքում առավել զգայուն մարդիկ մահանում են, իսկ նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել վիրուսը՝ հաջորդ սերնդին են փոխանցում իրենց գեները։
Իսկ հիմա մարդիկ մեծամասամբ կարիք չունեն գենետիկորեն հարմարվել նման սպառնալիքներին: Փոխարենը, մենք շրջանցում ենք սպառնալիքները շնորհիվ բժշկական միջամտությունների ու պատվաստանյութերի, որոնք էլ իրենց հերթին արդյունք են տասնամյակների ընթացքում կուտակված մշակութային իմացության «մուտացիաների» (“mutations” of cultural knowledge): «Պատվաստանյութեր մշակելով՝ մարդկային մշակույթը բարելավում է իր հավաքական «իմունային համակարգը», – ասում է հետազոտության համահեղինակ Թիմ Վարինգը։ Եվ ի տարբերություն գենետիկ էվոլյուցիայի, մշակութային էվոլյուցիան տեղի է ունենում անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Ըստ հեղինակների, լինում են նաև դեպքեր, երբ մշակութային էվոլյուցիան հանգեցնում է գենետիկ էվոլյուցիայի։ Օրինակ, կովի կաթ խմելն ի սկզբանե մշակութային առանձնահատկություն էր՝ բնորոշ որոշակի խմբերին։ Սակայն այս առանձնահատկությունը մարդկանց տվյալ խմբի մոտ առաջացրեց գեների էվոլյուցիա։ Այդ դեպքում մշակութային փոփոխությունը նախորդում էր գենետիկ փոփոխությանը, ոչ թե հակառակը: