ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Մարդու կյանքի տևողության «բացարձակ սահմանը» 150 տարի է

Գիտնականների միջազգային խմբի անցկացրած նոր ուսումնասիրության համաձայն, մարդիկ կարող են ապրել 120-ից 150 տարի, բայց ոչ դրանից ավել․ 150 տարին մարդկային կյանքի «բացարձակ սահմանն» է: Հետազոտողները մաթեմատիկական մոդելավորմամբ կանխատեսել են, որ 120-ից 150 տարեկան հասակում մարդու մարմինը լիովին կկորցնի սթրեսներից, հիվանդություններից ու տարբեր վնասվածքներից վերականգնվելու կարողությունը, ինչը հանգեցնում է մահվան: Ըստ նրանց, եթե մշակվեն այնպիսի թերապիաները, որոնք կօգնեն բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, դրանք կարող են հնարավորություն տալ մարդկանց ավելի երկար և առողջ կյանք ունենալ:
Այնուամենայնիվ, մարդու մարմինը դեռևս հավերժ չէ և նույնիսկ իդեալական պայմաններում այն չի կարող հաղթահարել 150 տարվա սահմանը: Գործնականում դա նույնիսկ ավելի բարդ է, քանի որ շատ գործոններ են ազդում կյանքի տևողության վրա՝ շրջակա միջավայրի վատ պայմաններից մինչև աղետներ ու համաճարակներ: Երիտասարդ օրգանիզմը համեմատաբար հեշտությամբ և արագ վերականգնվում է վնասվածքներից և փոխհատուցում է ստացած վնասը, բայց ժամանակի հետ դա ավելի ու ավելի դժվար է դառնում: Այս ցուցանիշը գնահատելու համար մշակվել է հատուկ «օրգանիզմի դինամիկ վիճակի ցուցիչ»: Այն կապված է մարմնում տարբեր տեսակի արյան բջիջների քանակի տատանումների հետ. եթե դրանցից որևէ մեկի պակաս կա, դա վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին: Հետազոտությունը հիմնված է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից շուրջ կես միլիոն հիվանդների մարմնում արյան բջիջների կազմի վերաբերյալ տվյալների վրա: Նրանցից 4532-ը բազմիցս ստուգվել են իրենց կյանքի ընթացքում, և գիտնականները հնարավորություն ունեցան համադրել տվյալների ծերացման տեմպի հետ: Ընդհանուր եզրահանգումները հաստատում են տեսությունը՝ մեր մարմիններն ունեն հստակ դինամիկ վիճակ, որն արտացոլում է վերջինիս առողջության վիճակն ու աշխատունակության աստիճանը:
Ցուցանիշի փոփոխությունները  հստակորեն առանձնացվել են ճգնաժամային երկու կետերը, որոնք համապատասխանում են մարդու կյանքի 35-րդ և 65-րդ տարիներին։ Առաջինը պրոֆեսիոնալ մարզիկների թոշակի անցնելու ժամանակն է, երբ մարմինն այլևս ի վիճակի չի լինում դիմակայելու ծայրահեղ սթրեսին: Երկրորդը` լիարժեք աշխատանքային օրվանից հրաժարվելու պահն է, երբ մարմինն այլևս չի կարող հաղթահարել երկարատև սթրեսը` ֆիզիկական կամ մտավոր: Համատրելով ստացված տվյալները՝ հետազոտության հեղինակները ենթադրում են, որ մարդու մարմնի վերականգնման ռեսուրսն ամբողջությամբ սպառվում է 120-ից 150 տարվա միջակայքում։ Ըստ նրանց, հենց սա մարդկային կյանքի բնական սահմանը: Հարկ է նշել, որ այս ուսումնասիրությունն առաջինը չէ, որ մոդելավորման միջոցով ուսումնասիրում է մարդու կյանքի տևողությունը: Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի կենսաբան Յան Վեյգը ղեկավարած թիմը 2016 թվականին Nature ամսագրում հրապարակեց ծավալուն ուսումնասիրություն, որի արդյունքների համաձայն մարդկանց կյանքի տևողության սահմանը 125 տարին է։ Քիչ չեն նաև այն գիտնականներն, ովքեր պնդում են, որ մարդու կյանքի տևողության վերջնական սահմանափակում գոյություն չունի: