ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները բացահայտել են Խաղաղ օվկիանոսում առաջացած «մահվան գոտիների» հետ կապված առեղծվածը  

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության են ենթարկել Բերինգի ծովի հատակին 1,2 մլն տարվա ընթացքում կուտակված նստվածքը և բացահայտել կապը կլիմայի տաքացման և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում թթվածնի մակարդակի նվազմամբ պայմանավորված «մահվան գոտիների» առաջացման միջև:
Գիտնականների համար կարևոր էր հասկանալ, թե որքանով է կլիմայի փոփոխությունն ազդում անթթվածին «մեռյալ գոտիների» ձևավորման վրա, որոնք կործանում են էկոհամակարգը և ոչնչացնում են սննդի աղբյուրները ծովում բնակվող արարածների համար:
Նշվում է, որ հետազոտողների խումբը վկայություն է գտել «մեռյալ գոտիների» ձևավորման վերաբերյալ ծովի հատակից վերցված նստվածքների շերտերի ուսումնասիրման շնորհիվ:
Ժամանակի ընթացքում նստվածքային ապարները կուտակվում են ծովի հատակին: Այդ գոյացություններում ապրող օրգանիզմները խախտում են դրանց կառուցվածքը, սակայն անթթվածին գոտիներում կառուցվածքը պահպանվում է, քանի որ բոլոր օրգանիզմները մահանում են:Գիտական աշխատանքում նշվում է, որ նման գոտիների առաջացման համար
սառցադաշտերի հալոցքը պարտադիր պայման չէ, բավական է ջերմ միջսառցադաշտային ժամանակահատվածը, որում մենք հիմա բնակվում ենք: