ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Հարավային Կորեայում գործարկվել է ջրածնային վառելիքային տարրերով աշխատող աշխարհի խոշորագույն էլեկտրակայանը

Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում վերջերս շահագործման է հանձնվել ջրածնային վառելիքային տարրերով աշխատող աշխարհի խոշորագույն էլեկտրակայանը: Օբյեկտի կառուցման, գործարկման եւ շահագործման համար պատասխանատու է Doosan Fuel Cell ընկերությունը: Shinincheon Bitdream էլեկտրակայանն արտադրում է մինչեւ 78,96 ՄՎտ էլեկտրաէներգիա եւ միաժամանակ օդից հեռացնում մոտակայքում հեղուկ բնական գազով աշխատող էլեկտրակայանից արտազատվող միկրոմասնիկները։
Հաստատությունը էլեկտրաէներգիայով կապահովի մինչեւ 250 000 տնային տնտեսությունների եւ ջերմությամբ՝ մինչեւ 44 000 տնային տնտեսությունների։ Օդի մաքրման համակարգն ունակ է տարեկան կլանելու մինչեւ 24 000 տոննա մանր փոշի։ Էլեկտրակայանը կառուցվում է 2017 թվականից եւ պահանջում է 292 միլիոն դոլարի ծախս։ Էլեկտրակայանի շահագործման համար ջրածնի աղբյուրները չեն հաղորդվում, սակայն շուտով կկառուցվի հեղուկ ջրածնի արտադրության կայան՝ օբյեկտը «կանաչ» վառելիքով մատակարարելու համար։ Գործարանը կկառուցի SK Group-ի կազմի մեջ մտնող SK E&S-ը: Մատակարարումների մեկնարկը նախատեսված է 2023 թվականին՝ տարեկան մինչեւ 30 000 տոննա հեղուկ ջրածին պլանավորված հզորությամբ։
Shinincheon Bitdream էլեկտրակայանի համար ջրածնային վառելիքի տարրերը մատակարարել են ինչպես Doosan Fuel Cell, այնպես էլ POSCO Energy ընկերությունը: Doosan-ը մատակարարել է 149 վառելիքային տարրեր՝ յուրաքանչյուրը 440 կՎտ հզորությամբ։
Մեկ այլ նմանատիպ նախագիծ Հարավային Կորեայում սկսել են իրագործել այս տարվա մարտից։ Մինչեւ 2024 թվականը Սեուլից 30 կմ հեռավորությամբ գտնվող Հվասոն քաղաքի համար կկառուցվի ջրածնային վառելիքային տարրերով աշխատող 80 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայան։ Հարավային Կորեան խաղադրույք է կատարում ջրածնային էներգիայի վրա։ Հեղուկ բնական գազի էներգիան ոչ միայն ինքնին թանկ է, այլեւ էկոլոգիապես վնասակար է: Ջրածնի, որպես էներգակրի, անցնելը դժվար թե Կորեայի էներգիան ավելի էժան դարձնի, բայց կարող է այն ավելի մաքուր դարձնել:

news.am