ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները մտածել են ինչպես պահեստավորել արեւի էներգիան եւ պահել այն 18 տարի

Շվեդիայի եւ Սինգապուրի գիտնականները մոդիֆիկացրել են արեւային ջերմային էներգիայի պահեստավորման (MOST) մոլեկուլային համակարգը, որպեսզի այն հնարավոր լինի պահել 18 տարի: Տեխնոլոգիան հնարավորություն կտա էլեկտրաէներգիա ստանալ աշխարհի ցանկացած մասում՝ անկախ եղանակից, օրվա ժամից կամ սեզոնից։ Հնարավոր է՝ էլեկտրոնիկա պատրաստել առանց թանկարժեք մարտկոցների։
MOST-ը հիմնված է ածխածնի, ջրածնի եւ ազոտի հատուկ ստեղծված մոլեկուլի վրա։ Երբ այն շփվում է արեւի լույսի հետ, նրա կառուցվածքը փոխվում է։ Այսինքն՝ ստացվում է իզոմեր։
Հեղուկ վիճակում այն պահվում է 18 տարի։ Ճիշտ պահին՝ գիշերը կամ ձմռանը, կատալիզատորը էներգիա է արտազատում մոլեկուլից եւ վերադարձնում այն իր սկզբնական ձեւին: Այնուհետեւ նյութը կարելի է կրկին օգտագործել:
Գիտնականները նաեւ համատեղել են նորացված MOST համակարգը փոքր ջերմաէլեկտրական գեներատորի հետ։ Ստացվել է սարք, որն ապագայում հնարավորություն կտա հրաժարվել էլեկտրոնիկայի մարտկոցներից։
Միկրոչիպի նման գեներատորը կարելի է ներկառուցել գաջեթների մեջ, եւ այն ինքնուրույն էներգիա կարտադրի ականջակալների, խելացի ժամացույցների եւ ֆիթնես-ապարանջանների համար:
«Սա արեւային էներգիայից էլեկտրաէներգիա ստանալու բոլորովին նոր միջոց է։ Սա փակ համակարգ է, որը կարող է աշխատել առանց ածխածնի երկօքսիդի արտազատման»,- ասել է առաջատար հեղինակ Կասպեր Մոտ-Պոլսենը:

news.am