ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Կալիֆոռնիայի մոտակայքում՝ օվկիանոսի հատակին հայտնաբերվել է քիմիական թափոնների հսկայական աղբանոց

Լոս Անջելեսից 20 կիլոմետր հեռավորության վրա` օվկիանոսի հատակին հայտնաբերվել է քիմիական թափոնների հսկայական աղբանոց, որն, ինչպես կարող է պարզվել, ամենամեծն է աշխարհում։
Վերջին շրջանում օվկիանոսագետներն այս տարածքում հաճախ են արձանագրում կենդանիների թունավորում՝ վտանգավոր քիմիական նյութերից։ Աղբյուրը գտնելու համար նրանց հետազոտական արշավախումբը երկշաբաթյա ուսումնասիրություններ է անցկացրել տարածքում՝ 1կմ խորության վրա, որտեղ և հայտնաբերել են վտանգավոր քիմիական նյութեր պարունակող շուրջ 27,000 բարել և մեծ քանակությամբ արդունաբերական թափոն: Ըստ հետազոտողների, հետագա ուսումնասիրությունների ժամանակ այս թիվը կարող է շեշտակի աճել։ Գիտնականներին ամենից շատ մտահոգել է DDT պարունակող բարելների առկայությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարածքի նստվածքներն աղտոտված են այս նյութով, սակայն աղտոտման ամբողջ ծավալը դեռևս անհայտ է։
DDT-ն (Dichlorodiphenyltrichloroethane-Երկքլորդիֆենիլտրիլքլորէթան) խառնուրդ է, որն օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զինվորների շրջանում հիվանդություններ տարածող միջատների դեմ։ Այն դարձավ ընդհանուր միջատասպան միջոց՝ սկիզբ դնելով թունաքիմիկատների օգտագործման դարաշրջանին։ 1940-1950-ական թվականներին DDT-ի օգտագործման մասշտաբները հսկայական էին։ Այժմ թունավոր նյութերը դուրս են գալիս մաշված, ժանգոտված տարաներից, մտնում ծովային կենդանիների օրգանիզմներ և շատ մեծ քանակությամբ կուտակվում: Գիտնականները կարծում են, որ այդ նյութերը բացասական են ազդում կենդանիների բազմացման և իմունային համակարգի վրա։ 1930-1972 թվականներին օվկիանոսի այս վայրն օգտագործվել է որպես արդյունաբերական թափոնների աղբավայր: Երեք տասնամյակների ընթացքում հարյուրավոր ընկերություններ իրենց արդյունաբերական թափոնները նետել են այստեղ: Միայն Montrose Chemical ընկերությունը ամսական 2000 բեռնարկղ էր լցնում Լոս Անջելեսի ափամերձ ջրերը: Այժմ դժվար է պարզել ստորջրյա աղբանոցի իրական ծավալները: Արդյունաբերական թափոնների հեռացման հարցերով զբաղվող ընկերություններից շատերը վաղուց փակել են և գրեթե անհնար է գտնել ծովը նետված բարելների և արդյունաբերական թափոններն վերաբերյալ փաստաթղթեր: Բացի այդ, օվկիանոսագետները հստակ չգիտեն, թե ինչ կա տակառների մեջ: Այս պահին հայտնի է, որ դրանցից որոշները պարունակում են DDT: Բայց հնարավոր է, որ որոշ տարաներ լցված լինեն ավելի վտանգավոր նյութերով: Իսկական մղձավանջ կլինի, եթե տակառներում հայտնաբերվեն ռադիոակտիվ թափոններ: Գիտնականները մտադիր են քարտեզագրել ստորջրյա աղբանոցը և միջոցներ ձեռնարկել դրանք հանելու և ոչնչացնելու  ուղղությամբ: