ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ամերիկացի գիտնականները ներկայացրել են գործվածք, որը կարող է պաշտպանել մոծակների խայթոցներից 

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները տեքստիլ նյութերից ստեղծել և փորձարկել են հագուստ, որը պաշտպանում է Aedes aegypti մոծակի խայթոցից: Գիտնականներն օգտագործել են իրենց նախագծած հաշվարկային մոդելը, որը Aedes aegypti տեսակի մոծակների գլխի և կնճիթի ճշգրիտ տվյալների հիման վրա, խայթոցները 100%-ով կանխելու համար, հաշվարկել է մանրաթելերի հաստությունն ու դրանց միջև ծակոտիների չափը, այնուհետև գիտնականներն ստացված տվյալներին համապատասխան գործվածք են ստեղծել:
Արդյունավետությունը ստուգելու համար գիտնականները տարայի մեջ արյուն  լցրեցին և այն ծածկեցին ստացված գործվածքով, այնուհետև մոծակներին ազատ արձակեցին։ Պարզվել է, որ ոչ մի մոծակ չի կարողացել գործվածքի միջով արյուն խմել։
Նշենք նաև, որ նրանք գործվածքների մի քանի տեսակներ են ստեղծել: Օրինակ՝ առաջինը շատ բարակ՝ 1մմ-ից պակաս հաստությամբ: Այնուամենայնիվ, այն բաղկացած է շատ խիտ մանրաթելերից, որոնց միջով մոծակները պարզապես չեն կարողացել անցկանցնել իրենց կնճիթը: Երկրորդ գործվածքն ունի միջին չափի ծակոտիներ, այնպես որ մոծակը չկարողանա գլուխը մտցնել դրանց միջով: Եվ վերջին՝ երրորդ գործվածքը խոշոր ծակոտիներով է, բայց բավականաչափ հաստ մանրաթելերով,  ուստի մոծակները այն նույնպես չեն կարողացել հաղթահարել։ Փորձին մասնակցել են նաև կամավորներ. նրանք կրում էին տարբեր տեսակի գործվածքներից պատրաստված հագուստ, և մոծակները իսկապես չեն կարողացել դրանց միջով հասնել մաշկին: Բացի այդ, գիտնականները համեմատել են իրենց ստեղծած գործվածքները միջատասպան նյութերով մշակված հագուստի հետ և պարզել, որ նոր գործվածքները շատ ավելի արդյունվետ են։ Aedes aegypti տեսակի և մոծակների այլ տեսակների նմանության պատճառով հետազոտողները կարծում են, որ հյուսվածքն արդյունավետ կլինի նաև դրանց դեմ: Այդ պատճառով էլ, հետազոտության հեղինակներն արդեն իսկ ստեղծել են ներքնազգեստի, երկարաթև վերնաշապիկների և այլ հագուստի մոդելներ, և նախատեսում են արտոնագրել իրենց մշակումը: Նրանց կարծիքով, նոր գործվածքից պատրաստված հագուստը օգտակար կլինի ինչպես ռազմական ոլորտում աշխատող, այնպես էլ հասարակ մարդկանց համար։