ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Հայկական առաջին ռոբոտ «Ռոբինը» հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է 2021թ լավագույն նորարարություն

Արհեստական ինտելեկտի վրա հիմնված հայկական առաջին ռոբոտ «Ռոբինը» հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է 2021թ․ լավագույն նորարարություն։
TIME ամսագրի հերթական համարը նվիրված է 2021թ․ 100 լավագույն նորարարություններին, որոնց մեջ իր ուրույն տեղն է գտել հայկական ռոբոտը։ TIME ամսագիրը, խոսելով ռոբոտ «Ռոբին»-ի մասին, նրան անվանել է «հոգատար ընկեր»։
TIME-ը պատմում է հայկական կլինիկաներից մեկի մասին, երբ թոքաբորբով հիվանդ 8-ամյա երեխան երկու օր հրաժարվել է ուտել, ինչից հետո բուժանձնակազմը «Ռոբին»-ին հրավիրեել է աղջկա հիվանդասենյակ։ Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին զրույցներից եւ «Ես լրտես եմ» խաղալուց հետո «Ռոբինը» հրաժեշտ է տվել եւ խոստացել է վերադառնալ միայն այն դեպքում, եթե պացիենտն ուտի: Իհարկե, նա կերել է: Մեծ աչքերով եւ կենսուրախ բնավորությամբ «Ռոբինը» արհեստական ինտելեկտով աշխատող ուղեկից է, որը կոչված է թեթեւացնել հիվանդանոցներում եւ կլինիկաներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը:
TIME-ը մեջբերում է ռոբոտի հիմնադիր Կարեն Խաչիկյանի այն միտքը, որ թիմի նպատակը ոչ թե մի տեխնոլոգիական սարք, այլ երեխաների համար հուսալի ընկեր ստեղծելն է եղել։ Հոդվածում նշվում է, որ «Ռոբինն» օգտագործվում է աշխարհի 12 բժշկական հաստատություններում եւ առաջիկա 12 ամիսների ընթացքում կտեղադրվի ամերիկյան 100 հիվանդանոցներում։
«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլ ողջ Հայաստանի համար։ TIME ամսագրի TOP-100 նորարարությունների մեջ մտնելն իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի ողջ գիտական ներուժի համար»,- ասում է Կարեն Խաչիկյանը, ով ռոբոտին ստեղծած Expper Technologies հայկական ընկերության համահիմնադիրն է։
«Նպատակն էր ստեղծել տեխնոլոգիա, որը ոչ թե պարզապես սարք լիներ, այլ գործընկեր եւ ընկեր»,- հպարտությամբ ասում է գործարար Կարեն Խաչիկյան

news.am