ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Գիտնականները ԴՆԹ-ն տվյալների իդեալական կրիչի կվերածեն

Համացանցի ամբողջ պարունակությունը ԴՆԹ կոդի ձեւաչափով գրի առնելու համար անհրաժեշտ կլինի այդ նյութի ընդամենը մի քանի կիլոգրամ՝ ելնելով նրանից, որ ԴՆԹ-ի 1 գրամը կարող է տեղավորել տեղեկատվության 215 պետաբայթ: Սակայն Ուրբան-Շամփեյնում Իլինոյսի համալսարանից գիտնականներին դա քիչ էր, ուստի նրանք մեծացրել են ԴՆԹ-ի ծավալը դրանում գենետիկ «այբուբենի» նոր տարրեր ավելացնելու միջոցով: Չորս բազային «տառերին» նրանք ավելացրել են եւս յոթն ու կարողացել կրկնապատկել ԴՆԹ-ի հիշողությունը:

ԴՆԹ-ն ձեւավորվել է էվոլյուցիայի ընթացքում միայն կենդանի էակի կառուցվածքի մասին տեղեկություններ փոխանցելու համար, ուստի որպես տվյալների ունիվերսալ կրիչ այն այնքան էլ չի համապատասխանում: Գիտնականները ստեղծել են հատուկ քիմիական մոդիֆիկացված նուկլեոիդներ, որոնք կարելի է տեղադրել կոդի մեջ առանց բազային ԴՆԹ-ի կառուցվածքը վնասելու, եւ ավելի կարեւորն այն է, որ գրեթե առանց դրա ծավալը մեծացնելու: Այսինքն՝ նույն այդ ֆիզիկական տարածությունում այժմ կարելի է պահպանել «տառերի» շատ ավելի մեծ համադրություններ, ինչը համամասնորեն մեծացնում է նաեւ «բառերի» քանակությունը:
Համակարգի թերությունը կայանում է նրանում, որ այն դադարում է լինել զուտ կենսաբանական կառուցվածք, ուստի տվյալ դեպքում ԴՆԹ-ն կարդալու ստանդարտ մեխանիզմերը չեն աշխատում: Գիտնականները ստիպված էին սինթեզել հատուկ սպիտակուցը նանոծակոտիների հետ, որի միջոցով պետք է ձգել ԴՆԹ-ի թելերը: Այն իդեալական կերպով ճանաչում է ե՛ւ կենսաբանական, ե՛ւ սինթետիկ տառերը, իսկ դեկոդերը մեքենայական ուսուցման մեթոդի օգնությամբ դասավորում է դրանք բառերի մեջ՝ ճանաչելով գրի առնված տեղեկատվությունը: Կենսակիբերնետիկ կառուցվածքներին անցումը թույլ է տվել ոչ միայն մեծացնել ԴՆԹ-ի ծավալը, սակայն նաեւ արագացնել տվյալների գրանցումն ու հաշվարկը: Դա բնության մեջ բավականին դանդաղ գործընթաց է, սակայն գիտնականներին հաջողվել է բարելավել դրա ցուցանիշներն առնվազն երկու անգամ: Եւ դա ուղիներ է հարթում մոդիֆիկացված ԴՆԹ-ի բազայի հիման վրա տվյալների արդյունավետ կրիչներ ստեղծելու համար:

news.am