ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ֆիզիկոսները հնագույն էակների աչքերի հիման վրա ստեղծել են ռեկորդային «սուր տեսողություն» ունեցող խցիկ  

Հետոզոտողները,  ոգեշնչված տրիլոբիտների աչքերով, ստեղծել են փոքր չափերի խցիկ՝ երկֆոկալ օբյեկտիվով եւ սրության ռեկորդային խորությամբ։ Խցիկը կարող է միաժամանակ արտացոլել օբյեկտները 3 սանտիմետր եւ 1,7 կիլոմետր ,  հեռավորության վրա։
ԱՄՆ-ի Չափորոշիչների եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի հետազոտողները պատրաստել են մանրագույն մետալինզաների ամբողջություն։ Ֆիզիկոսներն ապակու հարթ մակերեսը ծածկել են նանոչափ ունեցող միլիոնավոր մանրագույն ուղղանկյուն սյունակներով։ Ձեւավորված մետամակերեսը միաժամանակ գործել է իբրեւ մակրոլինզա (մոտիկ օբյեկտների համար) եւ հեռաօբյեկտիվ (հեռվում գտնվող օբյեկտների համար)։
Նանոսյունակները որսացել են լուսանկարվող տեսարանի լույսը եւ այն բաժանել՝ կախված էլեկտրական դաշտի ուղղությունից, լույսը շեղվել է տարբեր անկյունների տակ։ Դրան հաջողվել է հասնել նանոսյունակների գտնվելու վայրի շնորհիվ։ Դրանք տեղակայվել են այնպես, որպեսզի լույսի մի մասն անցնի ուղղանկյան երկար կողմի միջով, իսկ մյուս մասը՝ կարճ մասի։ Լույսի՝ ավելի հեռու տարածություն անցնելիս անկյան շեղումը մեծացել է։
Տարբեր անկյունների տակ բեկվող լույսը, ըստ հետազոտողների, հայտնվում է խցիկի տարբեր ֆոկուսների տակ։ Այդպիսով, կախված այն բանից, թե արդյոք լույսն անցել է նանոսյունակների ուղղանկյան ավելի երկար, թե ավելի կարճ մասով, մետալինզան ստեղծում է մոտ կամ հեռու գտնվող օբյեկտների պատկերները։ Խցիկի «տեսողության» խորությունը կազմում է մի քանի սանտիմետրից մինչեւ 1,7 կիլոմետր։
Ինչպես նշել են հետազոտողները, ամենամեծ խնդիրն առաջացել է այն օբյեկտների հետ կապված, որոնք գտնվել են միջին հեռավորության վրա։ Գիտնականները օգտագործել են նեյրոնային ցանց, որպեսզի համակարգին սովորեցնեն ճանաչել եւ ուղղել այն օբյեկտների «թերությունները» (գույնի լղոզվածությունը կամ խոտորումը), որոնք գտնվել են մետալինզայի մերձավոր եւ հեռավոր ֆոկուսներից միջին հեռավորության վրա։

news.am