ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Արհեստական ​​մատը կարող է ավելի  քան 90 տոկոս ճշգրտությամբ տարբեր նյութեր ճանաչել

Արհեստական ​​մատը, միայն մակերեսին դիպչելով, կարող է ավել քան 90 տոկոս ճշգրտությամբ տարբեր նյութեր ճանաչել։
Տեխնոլոգիան կարող է օգտակար լինել արտադրական առաջադրանքների ավտոմատացման համար, գրում է Hightech-ը։
Դեն Լուն եւ նրա գործընկերները՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Նանոէներգիայի եւ նանոհամակարգերի Պեկինի ինստիտուտից, մատ են մշակել, որը կարող է որոշել, թե ինչից է պատրաստված նյութը: Սարքը «տրիբոէլեկտրական» սենսորներ է օգտագործում՝ էլեկտրոններ ձեռք բերելու կամ կորցնելու ունակությունը ստուգելու եւ նյութի կոշտությունը որոշելու համար՝ առանց մակերեսը վնասելու։
Հարյուրավոր նմուշների վրա փորձարկումների ժամանակ մատը, արհեստական բանականության հետ մեկտեղ, հասել է 96.8 տոկոս միջին ճշգրտության եւ առնվազն 90 տոկոս ճշգրտության բոլոր նյութերի համար:
Սարքը բաղկացած է չորս փոքր քառակուսի սենսորներից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է տարբեր պոլիմերներից, որոնք ընտրվել են դրանց էլեկտրական հատկությունների հիման վրա: Երբ սենսորները բավական մոտ են տեղադրվում օբյեկտի մակերեսին, յուրաքանչյուր քառակուսուց էլեկտրոնները մակերեսի հետ տարբեր ձեւերով են փոխազդում, ինչն էլ կարելի է օգտագործել չափումների համար: Այդ սենսորները, որոնք տեղադրված են պատյանում, այնուհետեւ միացվում են պրոցեսորին եւ օրգանական LED էկրանին, որը ցուցադրում է հայտնաբերված նյութի տեսակի անվանումը: Արդյունաբերական միջավայրում պրոցեսորը կարող է միացված լինել արտադրության կառավարման մեխանիցմին։
«Խելացի մատները կարող են օգնել ռոբոտներին ստուգել՝ արդյո՞ք արտադրանքը՝ իր բաղադրությամբ եւ ստրուկտուրայով, համապատասխանում է արտադրական ստանդարտներին,- նշել են հետազոտողները:- Մեր համակարգը կարող է նաեւ կարևոր դեր խաղալ արդյունաբերական նյութերի տեսակավորման գործում»:

news.am