ՆՁԱԿ
   
 

Ս.թ. մարտի 26-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը կազմակերպել էր  նպատակային ծրագրերի իրազեկման միջոցառում, որի նպատակն էր կրթական և գիտական կազմակերպություններին ներկայացնել  Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցել են բուհերի, կրթական հիմնադրամների, գիտական կազմակերպությունների և Էկոնոմիկային նախարարության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունեց Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրենի լիազորություններն իրականացնող Թամարա Սարգսյանը:

Նախարարության ներկայացուցիչ Նարինե Հարոյանը մասնակիցներին ներկայացրեց Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը, որի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մարգարիտա Մանուկյանը  ներկայացրեց  Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը: Վերջինիս նպատակն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականության բարձրացմանը։

Վերջում մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։