ՆՁԱԿ
   
 

 «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի 

2012-04-23 -2012-04-23
Շնորհանդես
Ընդհանուր

 «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի 

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը Հայ գրատպության  500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման կապակցությամբ, 2012թ. մարտի 23-ին «Աջակցենք հայ գրքի տպագրմանը» խորագրի ներքո կազմակերպեց աստղագետ Ավետիք Գրիգորյանի հեղինակած` «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի  գրքի ներկայացումը:

Միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության,  Աջափնյակի, Արաբկիրի, Նոր Նորքի, Շենգավիթի և այլ թաղապետարանների կրթության բաժինների, ՀՀ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, համալսարանների, Ռազմական ավիացիոն ինստիտուտի, «Քվանտ» վարժարանի, հենակետային վարժարանների, ավագ դպրոցների, տարբեր հիմնադրամների, «Աստրոմափս» ՓԲԸ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Հեղինակը մասնակիցներին ներկայացրեց գիրքը, որը նվիրված է օդագնացությանը, ավիացիային, աստղագիտությանը և տիեզերագնացությանը, սկսած քարե դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև  տիեզերական ապագային: Գրքում ներկայացված է պատմության համատեքստում հայ անվանի գործիչների զգալի ներդրումը համաշխարհային գիտության և տեխնիկայի զարգացման գործում:  «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի կարևոր առաքելություններից է` ծառայել գիտական աշխարհում հետազոտող, ստեղծագործող ու աշխարհայացք կրող անհատի ձևավորմանը, երիտասարդների շրջանում գիտության տարածմանը: Այն, որպես Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատված ուսումնաօժանդակ ձեռնարկ, կարող է զգալի ներդրում ունենալ մեր կրթական համակարգում և նպաստել գիտության վերը նշված ոլորտների մասսայականաց­մանը:

Գրքի վերաբերյալ կարծիք հայտնեց ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011թ.-ի պետական մրցանակի դափնեկիր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Այս բացառիկ գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, որի տպագրմանը օժանդակելու նպատակով շատերը տեղում բաժանորդագրվեցին, իսկ ոմանք էլ իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու այս ազգանվեր գործին, որը լավ նվեր կլինի մեր ընթերցասեր հասարակությանը:

Գրքի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ համացանցի http://ayas.ar.am/հասցեում: