ՆՁԱԿ
   
 

Հայաստանում գիրք նվիրելու օրվան նվիրված 2022թ. փետրվարի 22-ին «21-րդ դարի գրադարանավարը որպես տեղեկատվական միջնորդ հեղինակի և ընթերցողի միջև» կարգախոսի ներքո ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ZOOM հարթակում անցկացվել է հանդիպում «Բյուրականի աստղադիտարան. ականավոր նվաճումների 75 տարին»  գրքի հեղինակի հետ:

Միջոցառման նպատակն էր կարևորել գրադարանավարի դերակատարումը որպես տեղեկատվական միջնորդ՝ գրքի մասին հանրությանը տեղեկացնելու, նոր հրատարակությունների վրա ընթերցողների ուշադրությունը հրավիրելու և երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ  հետաքրքրություն առաջացնելու նկատառումներով։

Հանդիպմանը մասնակցել են Արցախի  Պետական Համալսարանի գիտական գրադարանի,  Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական, Երևանի հյուսիսային համալսարանների գիտական գրադարանների, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Տիգրան Հայրապետյան գրադարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Աջափնյակի Շ.Ազնավուրի անվան գրադարանի, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանի,  Փոքրիկ իշխան կրթահամալիրի դպրոցական գրադարանի, ՆՁԱԿ-ի և մասնաճյուղերի  ներկայացուցիչներ, թվով՝ 35 հոգի:

Մասնակիցներին ողջունել է Գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը, ով կարևորել է արժեքավոր գրքի հրատարակումը և գրադարանների ներկայացուցիչների հետ հեղինակի հետ հանդիպման կազմակերպումը՝ հաշվի առնելով գրադարանավարի առաքելությունը որպես տեղեկատվական միջնորդ, կապող օղակ հեղինակի և ընթերցողի միջև:

Ցուցադրվել է կարճ տեսահոլովակ նվիրված Բյուրականի աստղադիտարանին իր ողջ գեղեցկությամբ և խոսքը փոխանցվել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, գրքի գլխավոր խմբագիր Արեգ Միքայելյանին, ով  ներկայացրել է առաջին անգամ հրատարակվող և իր բնույթով եզակի, ՀՀ Ազգային արժեք հանդիսացող ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75 տարվա պատմությունը ներկայացնող «Բյուրականի աստղադիտարան. ականավոր նվաճումների 75 տարին»  գիրքը:  Միքայելյանն իր ելույթում  խոսել է գրքի ստեղծման պատմության, կառուցվածքի և բովանդակության, ինչպես նաև գրքի պատրաստման գործում մասնակցություն ունեցած գիտաշխատողների մեծածավալ աշխատանքի մասին։ Նա մասնակիցներին տեղեկացրել է նաև մի շարք կարևոր փաստերի մասին կապված Հայաստանում աստղագիտության ոլորտի նվաճումների հետ:

Վերջում հեղինակը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Կայացել է մտքերի փոխանակում կապված ժամանակակից գրադարանավարի նոր դերակատարման հետ:  Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանների ներկայացուցիչները արտահայտել են իրենց կարծիքը որպես տեղեկատվական միջնորդ գրադարանավարի դերակատարման վերաբերյալ հեղինակի – ընթերցող կապում, ինչպես նաև խոսել գրքերի հեղինակների հետ հանդիպումների կազմակերպման սեփական փորձի մասին:  Միջոցառմանը մասնակցած գրադարանները հեղինակից նվիրատվություն կստանան գիրքը:

https://www.youtube.com/watch?v=6Dnyj_NG3ug