ՆՁԱԿ
   
 

Նորություններ

Հայ մասնագետների մշակած ծրագիրը կօգտագործվի Զամբիայի կառավարության կողմից    

Հայկական Synergy ընկերության ստեղծած համակարգն օգնելու է մոտ 15 հազար ընտանիքի Զամբիայում նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը:  Ստորագրվել է համաձայնագիր Զամբիայի սանիտարական նախագծի պատվիրակության հետ:
«Օգտագործելով մեր մշակած ավելի քան 800 ցուցիչ՝ այսօր Զամբիայի սանիտարական նախագիծն օգնում է բազմաշերտ ու ընդլայնված մոնիտորինգ իրականացնել: Համակարգն այս պահին աջակցում է մոտ 15 000 ընտանիքի նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է, որ կընդգրկվի ևս 250 000 շահառու»,-նշել է Synergy-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը:
Զամբիայի կառավարությունն իրականացնում է Լուսակայի սանիտարական ծրագիրը, որը հիգիենիկ պայմաններով կապահովի ամենաաղքատ տնտեսություններին: Ծրագիրն ընդգրկում է կոյուղու ցանցի ընդլայնում, սանիտարական ենթակառուցվածքների և ոլորտի կառավարման համակարգերի մշակում: Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:
«Վերջին հինգ տարում Synergy-ի մասնագետներն օգնել են մեզ՝ իրականացնելով ծրագրի ուսումնասիրության, նախագծման, մշակման և թվայնացման աշխատանքները, որի նպատակն է հեշտացնել սանիտարական և հիգիենայի արդյունավետության գնահատումն ու ներդրումները Լուսակայում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Լուսակայի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերության տնօրեն Ժոնաթան Կամպատանը:

Armenpress

Երևանում կկառուցվի տեխնոլոգիական նոր կենտրոն

Երևանում 110 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ կկառուցվի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական «Դալան» կենտրոնը:   
158.000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում «Դալանը» ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, մարզական և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Այն BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցն է լինելու տարածաշրջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր։ Ծրագիրն իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:
«Էնթերփրայզ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ընդգծել է կենտրոնի առանձնահատուկ նշանակությունը թե ներդրումների ծավալի, թե ակնկալվող ներգործությամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոմիջավայրի զարգացման գործում։
«Դալանը» շահագործման կհանձնվի 2026 թվականին։

Armenpress

Հայկական ստարտափը զրոյից ձեռքի պրոթեզներ է արտադրում

Նախագծում են, մոդելավորում, 3D պրինտերով տպում և հավաքում. ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները զրոյից ստեղծում են ձեռքի պրոթեզներ։

Ստարտափի տնօրեն և համահիմնադիր Մարինա Դավթյանը բժշկական համալսարանի ուսանող է, ընկերների հետ հետազոտական նախագիծը սկսել է 2017-ին։ Բայց նոր թափով սկսեցին աշխատել 2020-ի պատերազմից հետո՝ հաշմանդամություն ձեռք բերած տղաներին օգնելու համար։
Ստարտափը մշակում է ձեռքի պրոթեզների երեք տեսակ՝ միոէլեկտրիկ, մասնակի և մեխանիկական, որոնք աշխատելու են մատների, ձեռքի, արմունկի հատվածներում:
ArmBionics-ը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2021 թվականի դրամաշնորհային ծրագրի շահառուներից է։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ ստարտափը ձեռք է բերել ձեռքի պրոթեզների պրոտոտիպերի կատարելագործման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա, նյութեր և սարքավորումներ։
Աջակցության շնորհիվ նաև մեծացել է թիմը, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ստարտափն իր շուրջն է միավորել նաև սփյուռքահայ կամավորների աշխարհի տարբեր կողմերից։
«Նախագիծն իր շուրջ համախմբել է Հայաստանի ու սփյուռքի տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդների, որոնց նպատակն է զրոյից ներկայացնել միջազգային ստանդարտին համապատասխան ձեռքի պրոթեզներ և այդ ամենը իրականացնել Հայաստանում։ Ստարտափը նաև սկսնակ մասնագետներին ու ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալ փորձ և գիտելիքներ, որոնք կկարողանան կիրառել նաև պրակտիկորեն։ Ուրախ եմ նշել, որ մեր հիմնադրամը Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որ իր լուման ունեցավ այս կարևոր ծրագրում»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Մեր շահառուները վերին վերջույթների հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ամպուտացվել են տարբեր մակարդակներում: Մեր պրոդուկտները մի քանի տեսակի են և մենք կենտրոնացած ենք արմունկից ներքև պրոթեզների կատարելագործման ու արտադրության վրա: Շատ ոգևորիչ է մեզ համար, որ հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողանում ենք համալրել թիմը, նոր աշխատակիցներ ներգրավել, նաև հնարավորություն ընձեռվեց մեզ մոտ կամավոր անդամներից մեկին սփյուռքից բերել Հայաստան, ինչը շատ կարևոր է»,- նշել է ArmBionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը:
Առաջին շահառուներին մեխանիկական պրոթեզները կնվիրաբերվեն: Մեկ շահառու արդեն  ստացել  է արմնկային պրոթեզ, 2-րդ շահառուն՝ մասնակի, 3-րդը՝ աշխատանքային գործընթացում է:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի  ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Armenpress

Երևանը կհյուրընկալի EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովը

Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:
Հիմնական բեմում լինելու է ելույթների երկու ուղղություն՝ թրենդեր (#trendwatching) և հաջողության պատմություններ (#founderstories): Առաջինի ընթացքում փորձագետները կքննարկեն, թե ինչպես է տեխնոլոգիաների արագ զարգացումն ազդում մեր կյանքի վրա, իսկ երկրորդի ընթացքում ստարտափների հիմնադիրները կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և մարտահրավերներով, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Բացի այդ՝ նրանք կներկայացնեն ընկերության ռազմավարության ստեղծման, իրենց տեղը գնահատելու, համաշխարհային շուկա մուտք գործելու և վենչուրային կապիտալ ներդրումներ ներգրավելու իրենց փորձը:
EMERGE-ի մասնակիցներն ունեն նաև matchmaking-ի՝ բանախոսների և ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումների, մենթորական սեսիաների, ինչպես նաև
ամաժողովից հետո հավելյալ միջոցառումների և երեկույթների մասնակցելու հնարավորություն։
Համաժողովի մյուս և ամենակարևոր բաղադրիչներից մեկը ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթն է, որի հաղթողները ստանալու են ներդրումներ և մրցանակներ Amazon Web Services-ից։ Անցյալ տարի EMERGE կոնֆերանսի ժամանակ ստարտափները ներգրավել են ավելի քան 5 միլիոն եվրոյի ներդրումներ:
EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։ Երկու օրվա ընթացքում միջոցառմանը ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ վենչուրային ներդրումների ոլորտից Speedinvest-ը և Runa Capital-ը, ներդրողների պատվիրակություն Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), աքսելերատորներ Startups Wise Guys-ը, Rockstart-ը և ավելի քան հարյուր հիսուն ներդրողներ:
Համաժողովն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։
Կոնֆերանսին ելույթ կունենան Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաև հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։
Համաժողովի տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց: Կոնֆերանսի գործընկերներն են Dom-Daniel, Microsoft, Amazon Web Services, Inecobank, Semrush, the Untitled, Vibranium VC, BigStory VC, Team Telecom ընկերությունները:

Oragirnews

NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում  

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այս մասին հաղորդում է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ «Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20 000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը»,- գրել է Արշակյանը: Նրա տվյալներով՝ 1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան: Ընկերության աշխատանքն արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։

Mamul.am

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի աէրոմագնիսական հետազոտություն   

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գլիկոյին: Հանդիպմանը մասնակցել են ՌԳԱ երկրաֆիզիկական կենտրոնի աշխատակիցները՝ գիտական ղեկավար, ՌԳԱ  ակադեմիկոս Ալեքսեյ Գվիշիանին, տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը, գիտության գծով փոխտնօրեն Բորիս Դզեբոևը:  ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտների և ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի համագործակցության հարցերը: Դրանք վերաբերում են ՌԳԱ և ՀՀ ԳԱԱ միջև ստորագրված գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզում նշված ծրագրերի իրականացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստանում իրականացնել «Գյուլագարակ» Երկրի մագնիսական դիտարանի տարածքի բարձր ճշգրտության աերոմագնիսական հանույթ: 

«Նման աշխատանք Հայաստանում կիրականացվի առաջին անգամ: Ռուսական կողմը կբերի երկու անօդաչու թռչող սարք, որոնք իրականացնելու են աերոմագնիսական հանույթ ամբողջ դիտարանի տարածքում: Այդ աշխատանքը մեզ հնարավորություն կտա պարզելու լեռնային ապարների մագնիսական հատկությունները, կառուցելու եռաչափ թվային մոդելը,  ինչպես նաև լիարժեք պատկերացնելու դիտարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Սա թույլ կտա, որ աստղադիտարանն ընդգրկվի «INTERMAGNET» ցանց՝ ինստիտուտների համաշխարհային կոնսորցիում, որոնք մագնիսաչափերով  գրանցում են Երկրի իրական ժամանակում փոփոխվող մագնիսական դաշտը՝ ըստ երկրամագնիսական դաշտի գրանցումների մեթոդաբանության առումով միջազգային հստակ չափորոշիչներին բավարարող ստանդարտների», - նշել է Ջոն Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նման հետազոտությունը կխթանի Երկրի մագնիսական դաշտի ուսումնասիրության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը:

«Գյուլագարակ» մագնիսական դիտարանը ստեղծվել է 2019 թվականին՝ ՀՀ ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի կողմից:  Հայկական կողմն իրականացրել է շինարարությունը՝ բացառելով երկաթային բաղադրիչը, իսկ ռուսական կողմը տրամադրել է թանկարժեք սարքավորումները: «Մագնիսական դաշտի վրա խոտորիչ ազդեցությունը բացառելու համար դիտարանը կառուցվել է ապակեպլաստիկ կոմպոզիտային նյութերից, ինչն ԱՊՀ տարածքում իրականացվել է առաջին անգամ», - նշեց Ջոն Կարապետյանը:

 

Հայաստանում գիտության, արհեստական բանականության զարգացում. ինչ նպատակներ է դրել FAST-ը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)  նպատակ է դրել 5 տարվա ընթացքում 62 երկրից բաղկացած արհեստական բանականության ինդեքսում Հայաստանը ներառել առաջատար խմբում:  Այս մասին ասաց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
Օրուջյանի խոսքով՝ երբ սկսել են իրենց գործունեությունը, առաքելությունն է եղել էկոհամակարգ ստեղծել և ներդրում անել գիտության մեջ: Սակայն հետո հասկացել են, որ հաջողության հասնելու համար պետք է մի փոքր այլ մոտեցում ունենալ, և սկսել են դիտարկել արհեստական բանականությունը: «Կա արհեստական բանականության ինդեքս, որը բաղկացած է 62 երկրից: Երբ դիտարկում էինք արհեստական բանականությունը 2020-2021 թթ, Հայաստանը դեռևս այդ ինդեքսում չկար: Ներկայում Հայաստանը 57-րդն է, երկու տարի առաջ ընդհանրապես չկար»,-ասաց Օրուջյանը:
Նա շեշտեց՝ արհեստական բանականությունն այն գիտական ոլորտն է, որը հիմնված  չէ միայն միլիարդներ ծախսելու վրա: Արհեստական բանականության համար օրինակ ենթակառուցվածքների վրա շատ ծախս պետք չէ անել: «Սրա մեջ շատ ներդրում անելու կարիք չկա, որը կարևոր է Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար»,-ասաց Օրուջյանը:
FAST- ի նպատակն է Հայաստանին 5 տարվա ընթացքում այդ ինդեքսում Rising star խմբում ներառել, որում այսօր, օրինակ, Ֆինլանդիան, Շվեդիան են: Դրա համար լուրջ աշխատանքի կարիք են տեսնում: «Հեքիաթների մեջ չապրելը շատ կարևոր է»,-շեշտեց Օրուջյանը:
Օրուջյանը մեծապես կարևորեց տաղանդների ներգրավումը: «Դրա համար կրթությունն ամենաառաջնային խնդիրն է: Ամեն ինչի հիմնաքարը կրթությունն է: Ինչպե՞ս ենք կարողանալու գիտությունը զարգացնել, եթե չունենանք այդ կրթված մարդկանց: Սա առաջին քայլն է»,-ասաց  նա՝ հավելելով, որ հիմնադրամը գիտության և տեխնոլոգիաների է, սակայն հիմնական շեշտադրումը դրված է կրթության վրա:
Արհեստական բանականությունը, սակայն միակ ոլորտը չէ, որի հետ կապված հիմնադրամն աջակցություն է տրամադրում: Հիմնադրամը շատ հետազոտություններ է իրականացնում, հետազոտողների թիմը փորձում է հասկանալ, թե Հայաստանը որտե՞ղ է գտնվում, ի՞նչ վիճակում է, աշխարհն ո՞ւր է գնում նորարարության տեսակետից, որտեղ ինչ նոր հնարավորություններ են բացվում և ապագային միտված պլանավորում է անում: «Այս ամենն անում ենք, որ հասկանանք, թե կոնկրետ ինչ լուծումներ կարելի է տալ, լավագույն փորձը բերել Հայաստան: Այդ առումով 50-ից ավելի ծրագրերի կոնցեպտներ ենք մշակել, որ փորձենք հասկանալ, թե ինչ ծրագրեր է կարելի իրականացնել: 31 ծրագիր է իրականացվել, որից 10-ը ընթացիկ է, ընդգրկվել են 6000 շահառուներ»,-ասաց FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:
Կրթության հետ կապված հիմնադրամը շատ ծրագրեր է իրականացնում, որպեսզի չբախվեն լավ մասնագետների պակասի խնդրին: FAST-ն իրականացնում է գիտական գործունեության աջակցության ծրագրեր, աջակցություն ստարտափերին, որոնք ունեն նորարարության էլեմենտ: Կան նաև միջազգային կամուրջներ ստեղծելուն ուղղված ծրագրեր: «Ինչքան շատ տարբեր շուկաների և աշխարհագրությունների հետ կապված լինենք, այնքան ավելի լավ: Այդ առումով մենք միայն Արևմուտք չենք նայում, նայում ենք նաև Ասիա, Աֆրիկա, որոնք շատ-շատ մեծ շուկաներ են»,-ասաց Շամախյանը:FAST-ի Հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանն էլ նկատեց՝ ֆինանսավորման խնդիրը կարևոր է, գիտության զարգացմանը հատկացվող բյուջեն նվազել է: Սակայն անցյալ տարվանից հայտարարվել է, որ գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա: Աղաջանյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, խնդիրը միայն ֆինանսավորումը չէ:
«Գիտական էկոհամակարգում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ակտիվ գիտնականների քանակը շատ քիչ է»,-ասաց Աղաջանյանը՝ նկատելով, որ, սակայն դա միշտ չէ այդպես եղել, ԽՍՀՄ ժամանակ հայկական գիտությունը շատ ավելի լուրջ արդյունքներ է տվել:
FAST-ն այս ուղղությամբ աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում: 

armenpress.am

 

Podcast-100 գաղափար. երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր ՀՕՊ համակարգ  

Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ նախկին սպա, ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերմամբ ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ», ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինակն է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ Հովակիմյանը:
Նա նշում է, որ նախագիծը մեր այսօրվա ռազմական-քաղաքական իրադրության պայմաններում արդիական է, քանի որ գրեթե չկան միջոցներ, որոնք հուսալի և արդյունավետ կարողանում են պայքարել հակառակորդի սպառազինությունում առկա «կամիկաձե» դրոնների, մասնավորապես իսրայելական արտադրության «Harop»-ի դեմ, իսկ տվյալ տեսակի սպառազինության զարգացումը գնում է նրան, որ «կամիկաձե» դրոնների չափերը գնալով փոքրանում, հարվածային խմբերի քանակը շատանում, իսկ ծրագրային ապահովումն անցնում է արհեստական ինտելեկտի։
«Նախագիծը ժամանակակից, հասանելի թվային տեխնոլոգիաներով ու գործիքներով մինիմալ արտադրական ռեսուրսներ պահանջող լուծում է, իր սկզբունքով ունի մոդուլային կառուցվածք, որոնք իրար միացված են լոկալ ցանցով և կարող են օգտագործվել մոդուլների տարբեր կոմբինացիաներով և տեսակներով։ Իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող, որոշ մասը Հայաստանում արտադրվող միջոցների՝ ժամանակակից լուծումներով ծրագրային ապահովմամբ իրար միացում, համադրում և օգտագործում, որոնք միասին կազմելու են ՀՕՊ ակտիվ պաշտպանության համակարգ, իսկ շահագործման համար պահանջվելու է մինիմալ էներգետիկ և մարդկային ռեսուրսներ։ Յուրօրինակ է նրանով, որ գոյություն ունեցող ռադիոլոկացիոն հայտնաբերման-ուղեկցման, ռադիոէլեկտրոնային ճնշման մեթոդների սկզբունքները օգտագործվելու են օպտիկական լուծումների կիրառմամբ»,-ասաց Ալբերտ Հովակիմյանը։
Ստեղծվելու է ԱԹՍ-ներից յուրային զորքերի, զորամասերի, կարևոր օբյեկտների ու մարտական տեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ, որը հնարավորություն կունենա կիսաավտոմատ և ավտոմատ ձևով հայտնաբերել, շեղել, ինչպես նաև խոցել հակառակորդի դրոնները օպտիկական տեսանելիության պայմաններում՝ անմիջական հարձակման պահին մինչև նրանց թիրախին մոտենալը։
Նախագծի հեղինակը շեշտեց, որ այն ամբողջությամբ թվային լուծումներով է, կոմպոնենտները չեն պահանջելու անմիջական մշտական սպասարկում մարդու կողմից, լինելու է «մեկ անգամ տեղադրեցիր մոռացար» սկզբունքով, կառավարումը և վերահսկումը իրականացվելու է ներքին լոկալ ցանցի միջոցով 1 թիմի (ստորաբաժանման) կողմից։ Բանակում այն կարող է մշտապես փոխարինել ՕԴԿ (օդային դիտարկման կետի) դիտորդին՝ շատ անգամներ ավելի արդյունավետ կատարելով այդ աշխատանքը։ Տեղում օպերատորի գտնվելու անհրաժեշտության բացակայությունը կյանքեր է փրկելու հնարավոր վտանգների դեպքում։ Մոդուլային կառուցվածքի շնորհիվ համակարգը հեշտ փոփոխվող արդիականացվող և ճկուն զարգացման հնարավորություններով է, չի պահանջում մեծ արտադրական ռեսուրսներ։
«Նախագիծը այս պահին դեռ հետազոտությունների 1-ին փուլում է: Ես, ունենալով գիտելիքներ և ՀՕՊ համակարգերից  և ծրագրավորումից, վստահ եմ, որ մեր երկրում բավականին զարգացած IT ոլորտի մասնագետների ներգրավմամբ մի փոքր թիմային աշխատանք կատարելով՝ կարող ենք մեծ արդյունքների հասնել»,- ասաց նա։
«100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Tweet

Տեղորոշում առանց GPS-ի. hայ մասնագետները ստեղծում են լոկալ տեղորոշման  ունիվերսալ հարթակ 

Հայ մասնագետները ստեղծում են հեռակառավարվող ունիվերսալ սարք, որի միջոցով հնարավոր կլինի լոկալ տեղորոշում իրականացնել առանց GPS-ի: Թվային աշխարհի այնքան կարևոր բաղադրիչները` հեռակառավարումը, տվյալների ընդունումն ու փոխանցումը շուտով հնարավոր կլինի իրականացնել հայկական արտադրության հեռակառավարվող ունվերսալ սարքի միջոցով։ Առայժմ սարքը հատուկ անվանում չունի։
Նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ տվյալների ընդունումն իրականացվում է առանց GPS-ի։ Կիրառության ոլորտը բավականին լայն է․ վերականգնողական բժշկություն, ռազմարդյունաբերություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն, ուսումնական ծրագրեր, օրինակ՝ VR վիրահատարաններ, որտեղ պրակտիկանտը զգում է վիրտուալ պացիենտի մարմինը, կտրվածքի չափն ու վիրահատական այլ գործընթացները։ Դրսում տարածում ունեցող ուսումնական այս մեթոդը նոր սարքի միջոցով հնարավոր է տեղակայվի նաև մեր երկրում։ Սակայն ինժեներական այս նորամուծության հեռանկարային բաղադրիչները շատ ավելի հեռու են տանում։ Ի վերջո, կա՞ն նմանատիպ հարթակներ միջազգային շուկայում, ինչո՞վ է բացառիկ ու կարևոր հայկական արտադրության սարքը և ի՞նչ կիրառություն է գտնելու առաջիկայում։ ՝ «Հարթակի ստեղծումը դարձել է առաջնային հատկապես՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի աշխատակցի հետ իրականացրած հետազոտությունների ժամանակ»,- ընդգծում է ծրագիրն իրականացնող «Թրասթ Էդվայզեր» ընկերության տնօրեն Վահան Վերմիշյանը:
Ընկերության VR սարքը կցվել է հայկական արտադրության «Քայլաբեր»-ին, որը հնարավորություն է տալիս վերջույթների շարժունակությունը կորցրած պացիենտին (բուժառուին) ուղղահայաց դիրքով, ֆիքսված կատարել վերականգնողական վարժություններ։ VR համակարգը «Քայլաբեր»-ին հաղորդում է լրացուցիչ սիմուլիացիոն էֆեկտ, և պացիենտը հնարավորություն է ունենում քայլքը կատարել նախապես ծրագրավորված միջավայրում ու սցենարով (հետաքրքիր վայր, էքստրեմալ վայր, փողոցի խաչմերուկ և այլն)։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նման մոտեցմամբ իրականացվող վարժանքը նպաստում է պացիենտի` որոշակի տոկոսով ավելի արագ վերականգնվելուն՝ նյարդերի վրա լրացուցիչ իմպուլսների ստացման հաշվին։ Բացի այդ՝ վարժություններն ավելի հետաքրքրությամբ ու հաճախակի են կատարում։
Հեռակառավարող այս սարքի ստեղծման գաղափարով՝ ընկերությունը մասնակցել և շահել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կազմակերպվող «Գաղափարից-Բիզնես» անվանումով դրամաշնորհին, որի արդյունքում տրամադրվել է 10 միլիոն դրամ աջակցություն։ Ծրագիրն ինքնին շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, ինչը «Թրասթ Էդվայզեր»-ն իրականացնում է սեփական միջոցներով։
Սարքը մշակման փուլում է, փորձարկումներ են անում և մոտ են ավարտին։ Մի շարք տեխնիկական խնդիրների են հանդիպել։ Սարքը համեմատական փոքր չափի է լինելու, սակայն դրանում տեղադրված չափիչ սարքերը բավականին բարձր ճշգրտությամբ պետք է ստանան խնդրի լուծման պատասխանները։ Դա նշանակում է, որ տարբեր ընկերությունների արտադրած մասերը «Թրասթ Էդվայզերի» ստեղծած ծրագրի և մաթեմատիկական ալգորիթմի միջոցով պետք է կարողանան աշխատել միմյանց հետ համակցված։ Մինչդեռ փորձարկումների ընթացքում պարզվել է, որ մասերի մի մասը մյուսների հետ չի աշխատում, և այլն։ Ծրագրի ավարտը նախանշել են մինչև 2022-ի մարտը և վստահ են, որ մինչ այդ կհաղթահարեն բոլոր խնդիրները, կստանան պահանջվող հարթակը ու կներկայացնեն այն։

armenpress.am


 

 

Հայաստանը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում լավացրել է իր դիրքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ևս 2 տեղով լավացրել է իր դիրքը տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում:
«Այժմ 32-րդ ենք։ Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով» - նշել է նախարարը:

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ 

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։
Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:
YAMAHA-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն բացի երաժշտական գործիքներից արտադրում է մասնագիտացված աուդիո սարքավորմներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ: YAMAHA-ի հատուկ նախագծերից մեկը Արհեստական բանականության երաժշտական համույթի համակարգն է (YOO), որը վերլուծում է երաժիշտների կատարումը և կանխատեսում նրանց ժամանակն ու կատարման ընթացքը՝ միաժամանակ սինքրոնիզացնելով այն այլ երաժշտական գործիքների հետ: YAMAHA-ն արտադրում է նաև փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ:

Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։
Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտապների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար։
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ կայուն զարգացած տնտեսության կայացման նախադրյալներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարություններն են։ Դեռևս 2019 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հռչակել է ռազմավարական ուղղություն․ կայուն և ներառական տնտեսական աճի խթանման նպատակով Կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ գործողություններով բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների համար, նպաստում նորարարական ստարտափ էկոհամակարգերի ակտիվ ներդրմանը։
Վերոնշյալ ուղղությունների կատարելագործման գործում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համապարփակ և ժամանակակից օրենսդրական բարեփոխումների մշակման գործում Հայաստանի կառավարությանն իրենց փորձով և գիտելիքով աջակցում են սփյուռքի ոլորտի լավագույն փորձագետները։
Դեռևս 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում  այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայ ինժեներների մշակած 3D ակնոցը   

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում նորարական, ինքնատիպ գաղափարների պակաս չկա։ Հայ գիտնականների նոր սերունդն իր գաղափարներով ու արտադրական լուծումներով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացած ընկերությունների դրամաշնորհի հաղթող նախագծերի թվում է «10X Ինժեներինգ»-ը։ Օգտագործելով VR տեխնոլոգիա՝ ընկերության ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որը հնարավորություն է տալիս մարդու տեսողական և լսողական զգայարանները տեղափոխել դեպի վիրտուալ աշխարհ, ինչի արդյունքում բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազում է ցավն ու սթրեսի աստիճանը։
Գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Դավիթ Զարգարյանն է։  Ցանկացած գաղափար ծնվում է, երբ առնչվում ես խնդրի հետ։ Դավիթը նշում է, որ այս նախագիծն էլ սեփական խնդրի արդյունք է, երբ երեխայի մոտ առաջացել էր ֆոբիա բժշկի և ներարկումների նկատմամբ։
«Նմանօրինակ սարքեր աշխարհում արդեն կան, սակայն հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից, քանի որ հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում նաև յուրաքանչյուր մարդու անհատականությունը՝ ազգությունը, տարիքը, նախասիրությունները, տարբեր երևույթների նկատմամբ ընկալունակությունը, ճաշակը, այլ հատկություններ։ 17-րդ ծրագրի շրջանակներում ընկերությունը առաջնահերթ նպատակը   գիտահետազոտական լուրջ աշխատանքի իրականացումն է։
Պրոդուկտի ներդրումը՝ առաջին թեստավորումը, նախատեսվում  է 6 ամիս հետո, «Ուիգմոր Քլինիք»-ում։ Թեստավորումն անցնելուց հետո ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի անվճար։ Հայաստանի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը մոտ 1000 եվրոյի սահմաններում կլինի։
Ստացած դրամաշնորհով  ինժեներ-գիտնականները նաև նախատեսում են աշխարհի լավագույն գիտական ամսագրերից մեկում հանդես գալ հոդվածով՝ գիտականորեն ապացուցելով, որ մշակված այս մոդելն ամենաարդյունավետն է՝ աշխարհում արդեն եղած նմանօրինակ պրոդուկտներից։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող 61 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր և դրամաշնորհային միջոցները փոխանցվել են կազմակերպությունների հաշիվներին: Հատկացված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 967,871,345 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Նախարարը Netflix-ի համար ՀՀ ստարտափ էկոհամակարգի մասին ֆիլմ նկարահանողների հետ քննարկում է ունեցել 

Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասանոց ֆիլմ կնկարահանվի:  «Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները»,- գրել է նախարարը:
«Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։
«Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է»,- նշել է Արշակյանը:
Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։

Իշխանությունները պատերազմի մասնակիցների համար ՏՏ ոլորտում զբաղվածության ծրագիր են նախաձեռնել 

2021 թվականին իրականացվելու է «Զինվորի հաջողությունը» փորձնական ծրագիրը՝ ուղղված ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների սատարմանը, եւ ՏՏ ոլորտում վերաորակավորմանը: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա հավելեց, որ 2020 թվականի վերջին որոշում է ընդունվել «բուհ – մասնավոր հատված» համագործակցության ձեւաչափում կադրերի պատրաստման ծրագրի շրջանակում ղարաբաղյան պատերազմում վիրավորվածների եւ մասնակիցների անվճար ուսուցման կազմակերպման մասին: «Ընդհանուր առմամբ, այս ծրագրի շրջանակում 2020 թվականին բոլոր դիմորդների համար հատկացվել է 400 մլն դրամ»,- նշեց նախարարը:

Հայաստանում հիմնվելու է դրոնաշինության և ռոբոտաշինության ուսումնական կենտրոն 

Startup Armenia Foundation-ը մտադիր է հաջորդ ամիս Հայաստանում հիմնել քաղաքացիական դրոնների արտադրությամբ աշխարհում առաջատար՝ չինական DJI ընկերության կրթական ծրագրերով գործող ուսումնական կենտրոն՝ Dron EduLab-ը, որը մասնագետներ կպատրաստի դրոնաշինության և ռոբոտաշինության ոլորտներում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։
2016 թվականից գործող և մի քանի նախաձեռնությունների, այդ թվում՝ ամեն տարի ու նաև արտերկրում իրականացվող հայտնի՝ Sevan Startup Summit-ի հեղինակ Startup Armenia Foundation-ը, ըստ Հարությունյանի, սեփական միջոցներով արդեն ձեռք է բերել DJI Steam կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են առաջատար տեխնոլոգիական համալսարաններում, օրինակ, աշխարհահռչակ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սակայն ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար լրացուցիչ` 110 հազար դոլար ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով հիմնադրամը Ֆեյսբուքում ձեռնամուխ է եղել դրամահավաքի անցկացմանը, արդեն իսկ կատարվել է շուրջ 64 հազարի նվիրատվություն։

«Այս պահին բավական թրենդային է Stem կրթությունը, իրենք առաջ են քաշել Steam գաղափարը, որը ավելի պատասխանատու է՝ Stem-ին գումարած կրեատիվություն, որտեղ երիտասարդները, պատանիները հնարավորություն ունեն իրենց կրեատիվությունը տալ այդ ամենին: Այսինքն, օրինակ, դրոնների ու ռոբոտների աշխատանքն իրականացվում է կոդերի արդյունքում, ու դա քո կրեատիվությունից է կախված, թե դու ինչ կոդավորում կտաս ռոբոտներին ու դրոններին որևէ ֆունկցիա կատարելու համար», - ասաց Startup Armenia Foundation-ի տնօրենը:
Հարությունյանի խոսքով, ուսումնական կենտրոնի համար մտադիր են ձեռք բերել հատուկ դրոններ և ռոբոտներ, նրանց կրթական ծրագրերը և ի վերջո հայաֆիկացնել այդ ծրագրերը, որպեսզի ստեղծվող կրթական հնարավորությունը հասանելի դառնա շատերին, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների համար։
Հայաստանում դրոնները հայտնվեցին ուշադրության կենտրոնում 2016 թվականի քառօրյա և հատկապես՝ անցած տարվա արցախյան պատերազմի հետևանքով, երբ ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ վճռորոշ դեր ունեցան պատերազմի ժամանակ։
Աշխարհում դրոնաշինության ոլորտը համարվում է ամենաարագ աճողներից մեկը՝ ծրագրային ապահովման՝ software-ի հետ միասին։ Դրոնների համաշխարհային շուկայի ուսումնասիրությամբ հայտնի Drone Industry Insights ընկերության Global Drone Market Report 2020-2025 զեկույցի համաձայն, առաջիկայում դրոնաշինությունը տարեկան աճելու է միջինը 13,8 տոկոսով, և 2025-ին քաղաքացիական դրոնների գլոբալ շուկան կկազմի 42,8 միլիարդ դոլար։
Drone Industry Insights-ի մեկ այլ՝ Drone Manufacturer Ranking 2020 զեկույցի համաձայն, քաղաքացիական դրոնների արտադրության ոլորտում այսօր աշխարհում գերակայում են չինական ընկերությունները։ 2006 թվականին ստեղծված, 2017-ին 2,8 միլիարդ դոլար եկամուտ ապահոված և շուրջ 14 հազար աշխատակից ունեցող DJI-ը անվիճելի առաջատարն է, որին պատկանում է համաշխարհային շուկայի մինչև 80 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում դարձյալ չինական ընկերություն է՝ Yuneec-ը, եռյակը եզրափակում է ֆրանսիական Parrot Drones ընկերությունը։
«Ընդհանուր տեխնիկական գիտելիքներ է տալու այդ ծրագիրը ու այդ գիտելիքները հնարավոր է օգտագործել բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսության ոլորտում է հնարավոր, ինչո՞ւ չէ, ռազմարդյունաբերության ոլորտում է հնարավոր: Այսինքն միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագրերի մասին է խոսքը, որի հնարավորինս շատ օգտագործումը շատ հետաքրքիր բաների կարող է մեզ բերել», - նշեց Արսեն Հարությունյանը:
Նախորդ ամսվա վերջին Startup Armenia-ի ներկայացուցիչներին ընդունել էր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկվել էին երկրում ստեղծված իրավիճակի ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև հիմնադրամի ծրագրերը:
«Նոր կրթական որակ բերելու հնարավորություն ունենք Հայաստան, որն անծայրածիր հնարավորություններ կարող է բացել մեր պատանիների ու երիտասարդների համար ու մեծ հնարավորություններ կստեղծի տեխնիկական գիտելիքներ ստանալով, տեխնիկական մեծ խնդիրներ դնել մեր առաջ ու իրականացնել», - ընդգծեց Հարությունյանը:

Հայաստանյան նորարարար ընկերությունները կարող են մասնակցել համաշխարհային մրցույթին

Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշ­խության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց միջոցներով:
Դիմումների վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 5-ն է, մրցույթի արդյունքները հայտարարվելու են 2020թ. դեկտեմբերին։
Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվությանը  հնարավոր է ծանոթանալ միջոցառման կայքից հետևյալ հղումով, իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության հաղորդագրությունը ներկայացված է պաշտոնական կայքում:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր ՓՄՁ-ները` հետևյալ չորս անվանակարգերում.
ա) Փոխկապակցման հնարավորություններ (Connectivity),
բ) Խելացի քաղաքներ, խելացի կենսակերպ (Smart cities, smart living),
գ) Էլեկտրոնային առողջապահու­թյուն (E-health),
դ) Թվային ֆինանսներ (Digital finance)։
Մրցույթի չափանիշներին համապատասխանող դիմորդները ս.թ. նոյեմբե­րին մասնակցելու են առցանց վարպետաց դասերի։ Ընտրված թեկնածուները կկարողանան իրենց ձեռքբերումները ներկայացնել ներդրողներից, ձեռներեց­ներից և տեխնիկական ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրիի քննարկմա­նը։
Մրցույթի հաղթողները ոչ միայն կստանան հավաստագրեր, ճանաչում ՄԱԿ-ի կողմից, այլ նաև կստա­նան հնարավորություն մասնակցելու 2021թ. վերջին եռամսյակում Հանոյում (Վիետնամ) կայանալիք «ITU Digital World 2021 in Ha Noi, Viet Nam» ժողովին։
Մրցանակաբաշխությունը նպատակ ունի կարևորելու նորարարական տեխնոլոգիական լուծումները, խթանելու ստեղծագործ ՓՄՁ-ներում ներդրումները և կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ճգնաժամի պայմաններում:

50 տարի անց գիտամշակութային  STARMUS փառատոնը կրկին գիտնականների կբերի Հայաստան        

Հայաստանում 2021թ. սեպտեմբերի 6-11-ը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը,այս մասին հուլիսի 22-ին կայացած առցանց միջոցառման ժամանակ պաշտոնապես հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Երբ անցյալ տարի STARMUS 5-րդի անկացման շրջանակներում ես առաջարկեցի անցկացնել հաջորդ փառատոնը Հայաստանում, մասնակիցներից ոմանք մեծ ոգևորությամբ ընդունեցին այս առաջարկը, իսկ ոմանք, ըստ երևույթին, չգիտեին, թե ինչ երկրի մասին է խոսքը։ Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ և ակնկալիքներով»,-  ասաց Սարգսյանը։
6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդին ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:
Նախագահը շնորհակալություն հայտնեց փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար:
«Մենք բարձր եք գնահատում  այս փառատոնը Հայաստանում անցկացնելու փաստը, Խորհրդի անդամները կարող են վստահ լինել, որ այս փառատոնը հիանալի կազմակերպված և առանձնահատուկ է լինելու: Նա նշեց, որ Խորհրդի անդամները չեն փոշմանի իրենց որոշման համար և հպարտ կլինեն փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին որոշմամբ»,- նշեց ՀՀ նախագահը:
STARMUS  փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը նշեց, որ մոտ 50 տարի առաջ` 1971 թվականին առաջին անգամ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը համատեղ խորհրդաժողով էին իրականացրել և այն անց էր կացվել Բյուրականում։
«Ես այդ ժամանակ չկարողացա գալ, քանի որ ուսանող էի և հնարավորություն չունեցա մասնակցելու։ Այժմ ես հույս ունեմ, որ կկարողանամ հաջորդ տարի գալ և մասնակցել STARMUS 6-րդ փառատոնին։ Լիահույս եմ, որ ակտիվ ծրագիր կլինի, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ուսանողների ու քաղաքացիների ներգրավել»,- ընդգծեց Ջիլ Տարտերը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ փառատոնի անցկացումը Հայաստանում հնարավորություն է նոր զարկ տալու գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը։
«Հաշվի առնելով այս փառատոնի կարևորությունը՝ նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների և գիտաժողովների շարք անել, ինչպես նաև տարբեր միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ փառատոնի թեմատիկ թիրախներից է գիտության և ռոք երաժշտության միավորման կարևորությունը։
«Սա կարող է նպաստել, որ երիտասարդ սերնդի հետաքրքրությունը մեծանա գիտության հանդեպ։ Զբաղվել գիտությամբ նշանակում է լինել առաջադեմ, լինել առաջնորդ և նորարար։ Աշխարհն առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են․ այս ոլորտում տեղի է ունեցել կտրուկ շրջադարձ դեպի տեխնոլոգիական, հատկապես գիտատեխնոլոգիական ուղղություններ»,- նշեց Արշակյանը։
Գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS փառատոնը 2021 թվականի սեպտեմբերին Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների:
STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։


Orion. Հայկական ինովացիաները համաշխարհային ապրանքանիշ կդառնան 

Orion Worldwide Innovations Armenia-ն (“Orion Armenia”) բացել է իր ներկայացուցչությունը Հայաստանում՝ ստարտափների առավել արդյունավետ առաջխաղացման նպատակով: 

Ստարտափների առաջխաղացումը՝ Նյու Յորքյան սխեմայով
Ներկայացուցչությունը Հայաստանում գործում է ընդամենը մեկ ամիս, սակայն 2017-ին ընկերության հիմնադրումից ի վեր ամերիկյան գրասենյակը Orion Worldwide Innovations LLC ընկերության տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյանի գլխավորությամբ, ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ՝ նպաստելով տեխնոլոգիական,օրենսդրական և կրթական բարեփոխումների իրականացմանը: Նման նախաձեռնություններից մեկն են դարձել օրենսդրական բարեփոխումները մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ օրենսդրության ոլորտում, որոնք այժմ ներկայացված են կառավարության հաստատմանը: Մտավոր սեփականության պաշտպանության և կորպորատիվ իրավունքի ամրապնդումը հզոր խթան կլինի հայկական ստարտափների առաջխաղացման եւ հայկական ինովացիաների բրենդի համաշխարհային ճանաչելիության բարձրացման համար, համոզված են ընկերությունում:

«Ներկայացուցչության բացման նպատակը հայկական ստարտափների ներդրումային գրավչության, մրցունակության եւ ճանաչելիության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումն է՝ ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից ներդրողներ ներգրավելու համար»,-  ասաց ներկայացուցչության գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Դիանա Արզումանյանը:
Գրասենյակը ծառայությունների ամբողջական փաթեթ կտրամադրի ինովացիաների պաշտպանության եւ հայկական ստարտափների մուտքն ԱՄՆ եւ ԵՄ շուկաներ արագացնելու համար: «Մենք մտադիր ենք իրականացնել նույն քաղաքականությունը, որը ժամանակին զարգացած երկերները,մասնավորապես Իսրայելն էր իրականացնում: Մենք փաստացի կօգտագործենք աշխատանքի և շուկայավարման նույն սխեմաները, որպեսզի ավելի արագ հաջողությունների հասնենք հայկական ստարտափների առաջխաղացման հարցում»,- հայտարարեց նա:

Ստարտափներին առցանց խորհրդատվություններ
Սահմանված նպատակներին հասնելու համար Orion Armenia ընկերությունը առցանց դասընթացների շարք է նախաձեռնել “How to become investable in the U.S.” («Ինչպես դառնալ ներդրումային ԱՄՆ-ում») խորագրով, համագործակցելով Նյու Յորքում գործող BAJ Accelerator-ի, IAB International Academy of Business և Skill.am.-ի հետ: Հեռավար դասընթացները կվարեն  բիզնեսի, տեխնոլոգիրաների, գիտության ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ և ներդրողներ:

Մասնակիցները կկիսեն իրենց փորձը եւ խորհուրդ կտան տեղական և միջազգային  ստարտափներին՝ ինչպես բարձրացնել իրենց ներդրումային գրավչության մակարդակը, ինչպես գրավել վենչուրային հիմնադրամների, միկրովենչուրային հիմնադրամների, «հրեշտակ» ներդրողների ինչպես նաեւ ԱՄՆ-ում տարածված ընտանեկան ներդրումային գրասենյակների հետաքրքրությունը:
Այս առցանց դասընթացների միջոցով ընկերությունը  փորձում է արագացված եղանակով ավելացնել մասնակիցների պատրաստվածության մակարդակն ամերիկյան շուկա մուտք գործելու համար: Բոլորը ցանկացողները կարող են միանալ դասընթացներին  երեքշաբթի և հինգշաբթի օրերին առցանց կամ լսել ձայնագրությունները, որոնք հասանելի կլինեն կայքում օգոստոս ամսից։ Մանրամասները հրապարակված են www.orionwi.com ընկերության կայքում, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքյան էջում։ Առաջին երեք ամիսների (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում տեղական ստարտափների համար դասընթացներն ու թրեյնինգներն անվճար կլինեն: 

ԱՄՆ ներդրողներից կազմված ներկայացուցչությունը կայցելի Հայաստան
Բացի ուսուցման դասընթացներից, օգտագործվելու են ԱՄՆ-ում Orion Worldwide Innovations LLC ներկայացուցչության բոլոր գործարար կապերը հայկական եւ ամերիկյան բիզնես ոլորտների միջեւ  համագործակցությունն ամրապնդելու համար: Orion Armenia-ն նաև  BAJ Accelerator-ի( www.bajаccelerator.com ) գործընկերն է և հովանավորը:  2021 թվականին ընկերությունը նախատեսում է Հայաստանում կազմակերպել BAJ Accelerator-ի ներկայացուցիչների  հանդիպում ԱՄՆ ներդրողների եւ ձեռներեցների մասնակցությամբ: Էմմա Առաքելյանը, ով նաև BAJ Accelerator-ի համահիմնադիրն է , իր առաքելությունն է համարում նպաստել  հայկական ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանը և  միջազգային ներդրողների և մասնագետների հետ ամուր կապերի հաստատմանը։ Համաժողովին մասնակցելու են ոչ միայն հայկական, այլ նաև բալթյան, իսրայելական, ամերիկյան և այլ երկրներից ստարտափները։ Այցը  նախատեսված էր այս տարի, սակայն ժամկետները տեղափոխվել են COVID-19  համավարակի պատճառով: 

Կորոնավիրուսը՝ որպես հնարավորություն
Չնայած բոլոր դժվարություններին, որոնց հանգեցրել է համավարակը, շատ ստարտափներ, այդ թվում նաեւ Հայաստանում, կարողացել են կորոնավիրուսն օգտագործել որպես նորարարությունների հնարավորություն հասարակությանը օգնելու համար: AI ոլորտում կան շատ հետաքրքիր ստարտափներ, որոնք կրեատիվորեն են մոտեցել կորոնավիրուսի լույսի ներքո ստեղծված մի շարք խնդիրների լուծմանը: Օրինակ՝ HealthTech, AI and Computer Vision տեխնոլոգիաներն օգտագործվել են վիրուսի տարածում թույլ չտալու նախազգուշական միջոցառումների ապահովման նպատակներով:

Ներդրողները նաեւ հատուկ ուշադրություն են դարձնում COVID-19-ի հետ կապված նախագծերին: Ներկայումս ներդրողներին հետաքրքրում են DeepTech, SaaS, բժշկության, COVID-19-ի եւ AI-ի հետ կապված նախագծերը: AI-ում հիմա նախագծերը հիմնականում կապում են համավարակի ոլորտում ստեղծված  իրավիճակի հետ, այնպես որ՝ հիմա համանման նախագծերը որոշակի չափով կարելի է համարել առանձին եւ անչափ հետաքրքիր ուղղություն:
«Մենք հրավիրում ենք  հայկական և հայ հիմնադիրներ ունեցող արտասահմանյան  ստարտափներին համագործակցելու մեզ հետ իրենց գործունեությունն ու նորարարությունները ԱՄՆ-ում և ողջ աշխարհում հասանելի և ճանաչելի դարձնելու նպատակով։ Մենք պատրաստում ենք հաջորդ unicorn-ներին»,- ասաց ընկերության տնօրենը։


Աղմուկի ճնշման համար Krisp արհեստական ինտելեկտը ստեղծած հայկական ստարտափը անցնում է հաջորդ մակարդակին  

Աղմուկի ճնշման Krisp ինտելեկտուալ տեխնոլոգիան, որը խլեցնում է շրջապատող ձայները, հայտնվել է ճիշտ ժամանակին:
Ընկերությունը առաջ է անցել վիրտուալ ներկայությանը գլոբալ անցման գործընթացում եւ 5 միլիոն ԱՄՆ դոլարի A սերիայի ֆինանսավորման փայլուն ռաունդ է ներգրավել` իր ակտուալ առաջարկն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու համար:
Ընկերությունն առաջիններից մեկն էր արհեստական ​​ինտելեկտի բազմաթիվ նորաստեղծ ձեռնարկությունների շարքում` ունենալով օգտագործման պարզ տարբերակ եւ ակնհայտորեն արդյունավետ տեխնոլոգիաներ:
Krisp-ը կիրառում է իրական ժամանակում մեքենայական ուսուցման համակարգ ձայնի համար, որը կարող է ճանաչել մարդու ձայնը: Կողմնակի հնչյունները մանրակրկիտ կերպով հեռացվում են նույնիսկ խոսքի ընթացքում, իսկ այն, ինչ մնում է, ավելի պարզ է հնչում: Այսքանը: Ձգձգումը նվազագույն են (15 միլիվայրկյան) եւ ցածր հաշվարկային ծախսեր, ինչը նշանակում է, որ համակարգը կարող է գործել գրեթե ցանկացած սարքի վրա, հատկապես` ԱԻ-ի արագացմամբ սարքերի, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասի դեպքում է:
Ընկերությունը սկսել է վճարովի մակարդակով անվճար ավտոնոմ ծրագրային ապահովման առաջարկով, որը վերացնում էր ժամանակավոր սահմանափակումները:
«Նախկինում մեր եկամուտները լավն էին, բայց դեկտեմբերին մենք սկսեցինք աշխատել ձեռնարկություններում: COVID-ն իսկապես արագացրեց այս պլանը»,- բացատրեց Krisp-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը: «Մարտին մեր ամենախոշոր հաճախորդը դարձավ խոշոր տեխնոլոգիական ընկերությունը` 2000 աշխատակցով: Ընկերությունների թիվը գնալով մեծանում է: Բայց մենք կարծում ենք, որ Krisp-ը դեռ կհետաքրքրի սպառողներին, որովհետեւ բոլորն ունեն դրա կարիքը, այնպես չէ՞»:
Նա ասաց, որ ավելի շատ մեծ խոշոր ընկերություններ են միացել Krisp-ին, այդ թվում` մեկ քոլ կենտրոն` շուրջ 40 000 աշխատակցով: Բաղդասարյանը նշեց, որ ընկերությունն արդեն աշխատում է 600 ձեռնարկության հետ, իսկ տարեկան եկամուտներն աճել են 0-ից մինչեւ 4 միլիոն դոլար:
Սա մեծ հաղթանակ է Krisp-ի թիմի համար, որը բաժանված է ԱՄՆ-ի եւ Հայաստանի, որտեղ հիմնադրվել է ընկերությունը, եւ աշխատակազմի կոմպլեկտավորման գլոբալ մոտեցման ստուգման միջեւ. համաշխարհային մակարդակի տաղանդավոր մասնագետներ կարելի է գտնել ոչ միայն Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Բեռլինում եւ այլ տեխնոլոգիական կենտրոններում, այլեւ` փոքր երկրներում, որոնք չեն օգտվում տեղական գովազդի եւ ներդրումային ենթակառուցվածքների առավելություններից:
Ֆինանսավորումը, իհարկե, այլ պատմություն է, բայց, գումար հավաքելով, ընկերությունն այժմ աշխատում է ընդլայնել իր արտադրանքը եւ թիմը: Krisp-ի հաջորդ քայլը խոսակցությունների մետատվյալների մոնիտորինգն ու ներկայացումն է:
«Հաջորդ ինտեռացիան ձեզ իրական ժամանակում հետադարձ կապ կտա այն մասին, թե ինչպես եք դուք հանդես գալիս որպես զեկուցող»,- բացատրեց Բաղդասարյանը: «Խոսելը հմտություն է, որը մարդիկ կարող են բարելավել: Երբ ինչ-որ մեկը խոսում է, նա միշտ չէ, որ ուզում է դա տեսնել: Բայց ժամանակի ընթացքում մենք կվերլուծենք այն, թե ինչ եք դուք ասում, հուշումներ կտանք բառապաշարի մասին, թե ինչպես բարելավել ձեր խոսակցական հմտությունները»:
Քանի որ ճարտարապետական ​​տեսանկյունից Krisp-ի համար հասանելի են մուտքային եւ ելքային բոլոր հնչյունները, այն կարող է բավականին հեշտությամբ հավաքել այդ տվյալները: Բայց մի անհանգստացեք. ինչպես ընկերության մյուս արտադրանքները, սա եւս բոլորովին գաղտնի է եւ մատչելի սարքերի համար:
«Այս առումով մենք շատ ինքնավստահ ենք. մեր ընկերությունը երբեք տվյալներ չի ուղարկում իր սերվերներին»,- ասել է Բաղդասարյանը: «Մենք դա երբեք չենք բախվել դրան: Մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում մեր տեխնոլոգիաների ստեղծման եւ օպտիմիզացման ուղղությամբ, որպեսզի ձայնը երբեք չլքի սարքը»: Սա պետք է մխիթարի գաղտնիության սիրահարներին, ովքեր կասկածանքով են վերաբերվում իրենց բոլոր խոսակցությունները երրորդ կողմի միջոցով վերլուծության ուղարկելու համար:


 

Նորություններ-2020

Նորություններ-2019

Նորություններ-2018

Նորություններ-2017

Նորություններ-2016