ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագիր է մշակվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանման մասին նոր միջազգային պայմանագրի նախագիծ է պատրաստում, որին նախատեսվում է ներգրավել մի շարք երկրների:
Գործակալության տեղեկություններով՝ համաձայնագիրը, որը կստանա Artemis Accords անվանումը, ենթադրում է ապագա լուսնային բազաների շուրջ «անվտանգության գոտիների» ստեղծում՝ «անմիջական հարևանությամբ աշխատող մրցակից երկրների կամ ընկերությունների կողմից վնասները կամ միջամտությունները կանխելու նպատակով»: Բացի այդ, փաստաթուղթը Լուսնի վրա ռեսուրսների արդյունահանումն իրականացնող ընկերություններին իրավունք կտա այդ ռեսուրսների սեփականատերերը դառնալ:
Գործակալությունը նկատում է, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք պլանավորում են առաջիկա շաբաթներին պաշտոնապես քննարկել համաձայնագիրն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Կանադան, Ճապոնիան, ԵՄ-ի պետությունները, ինչպես նաև ԱՄԷ-ն: Ռուսաստանն այդ երկրների թվում սկզբնական փուլում չի լինի, ինչը, ինչպես նշել են գործակալության աղբյուրները, պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պենտագոնը Մոսկվային ավելի հաճախ է դիտարկում որպես թշնամի, քանի որ Ռուսաստանը «սպառնալից» արբանյակային մանևրներ է իրականացնում մերձերկրային ուղեծրում ամերիկյան լրտես արբանյակների ուղղությամբ»։
ՆԱՍԱ-ն անցյալ տարի հայտարարել է Artemis լուսնային ծրագրի նախագծի մասին, որը բաղկացած կլինի երեք փուլից: Վերջինս նախատեսում է տիեզերագնացների վայրէջք Լուսնի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուսնի ռեսուրսներն օգտագործելու ԱՄՆ-ի իրավունքի մասին հրամանագիր էր ստորագրել։ Ըստ որի ԱՄՆ քաղաքացիներն օրենսդրությանը համապատասխան պետք է իրավունք ունենան տիեզերքում առևտրային հետազոտություն, ռեսուրսների արդյունահանում և օգտագործում իրականացնել: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ տիեզերքն ինչպես իրավաբանորեն, այնպես էլ ֆիզիկապես «բացառիկ տարածք է մարդու գործունեության համար, և ԱՄՆ-ն այն չի դիտարկում որպես հանրային սեփականություն», ուստի երկրի քաղաքականությունը պետք է ուղղված լինի «տիեզերքում ռեսուրսների արդյունահանման և օգտագործման միջազգային աջակցության խթանմանը»։
Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության մասին համաձայնագրում, որն ընդունվել է 1979 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, նշվում է, որ արբանյակի հետազոտումն ու օգտագործումը համարվում է ողջ մարդկության սեփականությունը և իրականացվում է աշխարհի բոլոր երկրների շահերից ելնելով: Պետությունները, որոնք զբաղվում են Լուսնի ուսումնասիրությամբ, պետք է առաջնորդվեն համագործակցության և փոխօգնության սկզբունքներով: