ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

Ի՞նչ է նշանակում Զվարթնոց

Զվարթնոցի տաճարը թերևս ամենաառեղծվածային տաճարն է, որ երբևէ կառուցվել է Հայաստանում: Պատմությունները, որոնք հյուսվել են այս հիասքանչ կոթողի շուրջ շատ են ու բազմազան: Սակայն դրանցից որոնք են իրական և որոնք առասպել՝ դժվար է ասել: Ինչո՞ւ էր այն կառուցվել: Արդյո՞ք տաճարը նշանավորելու էր Քրիստոսի 2-րդ գալուստը: Ի՞նչ գաղտնագրեր է այն թաքցնում: Ո՞վ է եղել Զվարթնոցի տաճարի ճարտարապետը: Ինչո՞ւ կործանվեց այս ճարտարապետական գլուխգործոցը. հազարամյակների անե՞ծք էր, թե՞ բնական արհավիրք: Հարցեր, որոնց պատասխանները միանշանակ չեն:

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ է Խոր Վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորչին դիմավորել մեծն Տրդատ Գ թագավորը։ Մեր բազմադարյա պատմության մեջ ոչ մի հանդիպում այդքան ճակատագրական ու վճռորոշ նշանակություն չի ունեցել, որքան դա:

Պատմիչ Սեբեոսը գրում է. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ…»: Այսինքն՝ «Զվարթնոց» նշանակում է զվարթունների, հրեշտակների դաս: Քրիստոսը, երկնային զորքի ուղեկցությամբ, այստեղ էր երևացել Գրիգոր Լուսավորչին և հրահանգել Էջմիածնի կառուցնման վայրը: Կարո՞ղ էր արդյոք Լուսավորիչը ենթադրել, որ 350 տարի հետո՝ այստեղ՝ իր տեսիլքի տեղում՝ հենց իր մասունքների վրա, բարձրանալու էր իր կառուցած Մայր Էջմիածնին հակադրող տաճար: 320 տարի կանգուն մնալուց հետո այն փլուզվելու էր, մնալով անկրկնելի և առեղծվածային:

Կործանումից հետո միայն 10 դար անց բացահայտվեց Զվարթնոցի տաճարը: Այդքան տարի պատմությունը կարծես թաքցնում էր առեղծվածային տաճարը: Այն բացահայտվեց շնորհիվ հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի:

Ըստ ճարտարապետի՝ Զվարթնոցը իրենից ներկայացրել է եռահարկ, կենտրոնակազմ, գմբեթավոր, բոլորակ շինություն: Այն ունեցել է 45 մետր բարձրություն և կառուցված է եղել 2 մետր բարձրություն ունեցող հարթակի վրա:

Ըստ Թորամանյանի՝ տաճարի հատակագծի հորինվածքային հիմքում ընկած է հավասարաթև խաչը: Խաչի 3 թևերը իրենցից ներկայացնում են կիսաշրջաններ՝ յուրաքանչյուրում 6-ական սյուն: Թորամանյանը նկարագրում էր մի այնպիսի տաճար, այնպիսի շինություն, որը նման չէր և ոչ մի հայկական եկեղեցու: Պատկերացնելն անգամ դժվար էր, որ հնարավոր է կառուցել այդպիսի մի շինություն: Բնական է, որ այն տեսակետներն ու պատկերացումները, որոնք ներկայացնում էր Թորամանյանը միանշանակ չընդունվենցին: Եվ ահա զուգադիպությո՞ւն էր արդյոք, թե՞ նախախնամության նվեր, որ մեկ այլ երիտասարդ տաղանդավոր ճարտարապետ՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառը, ով պեղումներ էր իրականացնում Զվարթնոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ պատմական Անիիում, հայտնաբերեց Գագիկ Ա Բագրատունու արձանը զվարթնոցատիպ եկեղեցու մանրաքանդակը ձեռքին:

Պարզ է դառնում, որ Հայաստան աշխարհում կառուցվել են նմանատիպ եկեղեցիներ: Թորամանյանը չէր սխալվում, նրա տեսլականը հաստատվեց, սակայն հենց դա էլ նորանոր հարցեր առաջացրեց, որոնց պատասխանները չեն տրվել մինչ օրս:

 wordPress.com