ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Գիտնականները հայտնաբերել են մանրէ, որը չի փոխվել 175 միլիոն տարի շարունակ

Արդյո՞ք հնարավոր է, որ կենդանի օրգանիզմը միլիոնավոր տարիների ընթացքում մուտացիայի չենթարկվի, չփոփոխվի ու չզարգանա։ Պարզվում է՝ այո։  Գիտնականների միջազգային խումբն անդրադարձել է Candidatus Desulforudis audaxviator մանրէին, որն անփոփոխ է մնացել ավելի քան 175 միլիոն տարի։ Գիտնականները հայտնաբերել և ուսումնասիրել են այս մանրէների երեք պոպուլյացիաները մոլորակի երեք տարբեր շրջաններում՝ Կալիֆոռնիայում, Հարավային Աֆրիկայում և Սիբիրում: Երեքն էլ երբեք շփման մեջ չեն եղել միմյանց հետ, բայց նրանց գենոմը նույնական է և անփոփոխ է մնացել Պանգեայի ժամանակներից ի վեր: Պանգեան գերմայրցամաք է, որը գոյություն է ունեցել շուրջ 250 մլն տարի առաջ։
Սկզբոիմ  մանրէն հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայի ոսկու հանքավայրի ստորգետնյա ջրերում՝ 2.8 կմ խորության վրա: Այս օրգանիզմները ապավինում են քեմոսինթեզին՝ էներգիա են ստանում քիմիական ռեակցիաներից, տվյալ դեպքում՝ թորիումի և կալիումի ռադիոակտիվ ճառագայթման հետևանքով ջրի մոլեկուլների քայքայումից: Մանրէները, հավանաբար, երբեք արևի լույս չեն տեսել, չեն եղել երկրի մակերեսին և շփման մեջ չեն եղել կյանքի այլ ձևերի հետ:
Հասկանալու համար, թե ինչպես են այս մանրէները կարողացել հարմարվել նման պայմաններին, գիտնականները գտան դրանց ևս երկու պոպուլյացիա և կատարեցին յուրաքանչյուրի գենոմի սեքվենավորումը (sequencing)։ Նրանք փնտրում էին տարբերություններ, որոնք թույլ կտային զուգահեռներ անցկացնել պոպուլյացիաների բնակավայրերի տարբերությունների միջև (մեթոդն անդրադառնում է Դարվինի աշխատանքին, ով ուսումնասիրում էր հարևան կղզիներում ամուրիկների տարբերությունը): Այնուամենայնիվ, հայտնաբերված բակտերիաների բոլոր 126 նմուշները նույնն էին:
Ամենահավանական բացատրությունն այն է, որ այս բոլոր մանրէները ի սկզբանէ մեկ ամբողջական գաղութի մաս են կազմել, որը ձևավորվել և իդեալականորեն հարմարվել է երկրի խորքում առկա պայմաններին՝ դեռևս Պանգեայի ժամանակաշրջանում: Եվ մինչ Երկրի մակերևույթի վրա մայրցամաքները տեղաշարժվում էին՝ ստանալով այն տեսքը, որն առկա է հիմա, Երկիրը պատվում էր սառույցով, տեղին էին ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ ստիպելով բազմաթիվ տեսակների ենթարկվել փոփոխությունների՝ նոր պայմաններում գոյատևելու համար, այս մանրէները Երկրի խորքերում հանգիստ ապրում էին՝ առանց որևէ մրցակցության։ Ընդ որում, այս փոփոխությունների արդյունքում Երկրի երեսից ոչնչացել են բազմաթիվ տեսակներ։
Արդյունքում այս մանրէներն հայտնվել են «էվոլյուցիոն լճացման» մեջ, որի հետևանքով էլ վերջին առնվազն 175 միլիոն տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել։