ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

MIT-ը մշակել հագուստի մեջ ներկառուցված սենսորներ, որոնք փոխանցում են կենսաչափական տվյալներ

Նոր սենսորները արձանագրում են օրգանիզմի կենսական կարևոր գործառույթների ցուցանիշները։ Հետազոտողները համոզված են, որ այս սարքերի լայն ցանցը կարող է օգնել կանխարգելելու հաջորդ համաճարակը։
Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մշակել են նոր թեթև սենսոր, որը կարելի է ինտեգրել ցանկացած տեսակի գործվածքներում, ներառյալ պոլիեսթերը, որը հաճախ օգտագործվում է սպորտային հագուստի արտադրության մեջ: Սենսորը անընդմեջ կարող է վերահսկել կենսական ցուցանիշները`մարմնի ջերմաստիճանը, սրտի ռիթմը և շնչառության հաճախականությունը: Սենսորները քողարկվում են հագուստի մեջ և դրսի կողմից չեն երևում։ Դրանք կարելի է լվանալ հագուստի հետ միաժամանակ, ինչպես նաև՝ հանել և տեղադրել ուրիշ հագուստի մեջ։
Գիտնականները նպատակ ունեն նոր սարքի միջոցով վերահսկել տիեզերագնացների առողջական վիճակը, ինչպես նաև ներդնել այն առողջապահության ու սպորտի ոլորտներում։ MIT-ի հետազոտությունը մասամբ ֆինանսավորվել է NASA-ի և MIT Media Lab-ի Տիեզերական հետազոտությունների նախաձեռնության կողմից: Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ սարքի ներուժն ավելի մեծ է, հատկապես կորոնավիրուսի տարածման շրջանում, երբ կարիք կա վերահսկելու ամբողջ բնակչության առողջական վիճակը։
Հետագայում փորձագետները, հիմք ընդունելով այս սենսորի չափագրումները, կարող են ստեղծել պարզ և արդյունավետ մեթոդ՝  բժշկի ամենօրյա վերահսկողություն պահանջող քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց առողջական վիճակը վերահսկելու և մշտապես կանոնավոր ստուգումներ անցկացնելու համար: Այս մեթոդի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել մարդկանց առողջական վիճակը իրական ժամանակում՝ միանգամից ստանալով հիվանդի կենսաչափական տվյալները։
Այժմ, կորոնավիրուսի պատճառով կտրուկ աճել է առողջապահության հեռակա մեթոդների (remote healthcare solutions) նկատմամբ պահանջարկը։ Որոշ ընկերություններ արդեն փորձարկումներ են կատարում նման սարքերի վարիացիաների հետ։ Օրինակ, Foward ընկերությունը իր հաճախորդների շրջանում բաժանում է բիոմետրիկ  (կենսաչափական) սենսորներ՝ տանը մոնիտորինգ իրականացնելու համար։ Kinsa ընկերությունը օգտագործում է իր սեսորների անանուն տվյալները COVID -19 տարածման քարտեզի վրա կենսաչափական տվյալների հավաքագրման համար։
Հագուստի մեջ ներկառուցված սենսորները նախկինում ևս փորձարկվել են և նույնիսկ՝ արտադրվել, սակայն չեն ունեցել հաջողություն, իսկ MIT-ի մշակած տարբերակը մինչև այժմ հաջողել է, և ըստ ամենայնի մոտ ապագայում կսկսվի այս սենսորների կանոնավոր արտադրությունը։