ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Comments Offon NASA-ն Tide-ի հետ համատեղ մշակում է տիեզերական «լվացքի մեքենա»

Տիեզերագնացները նույնպես կարիք ունեն մաքուր հագուստի:

Յուրաքանչյուր տիեզերագնաց Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ) գտնվելու մեկ տարվա ընթացքում օգտագործում է մինչև 70 կգ միանգամյա օգտագործման հագուստ, որը նա կրում է մինչև կեղտոտվելը, ապա դեն է նետում և վերցնում նորը: Խնդիրն այն է, որ դեռևս գոյություն չունի որևէ տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա լվանալ հագուստը զրոյական ծանրության և ջրամատակարարման ու կոյուղու բացակայության պայմաններում:
Երկիր մոլորակից դուրս հագուստ լվանալու տեխնոլոգիան մշակվում է Procter & Gamble կորպորացիայի համագործակցությամբ։ Նշենք, որ Procter & Gamble-ին է պատկանում լվացող միջոցների Tide հայտնի ապրանքանիշը։
Տիեզերքում հագուստները լվանալու ամենամեծ դժվարությունն առաջանում է ջրի սակավության պատճառով, ուստի քիմիկոսները կանգնած են չափազանց բարդ խնդրի առջև. լվացքի ջուրը պետք է լինի այնքան անվտանգ, որ այն հնարավոր լինի վերամշակել՝ խմելու նպատակով։ Բացի այդ, լվացքին հատկացվող ջրի քանակը պետք է լինի նվազագույն և համատեղելի լինի տիեզերակայանի վրա եղած ջրի սահմանափակ քանակի հետ։ NASA-ի և Procter & Gamble-ի նպատակն այս խնդիրները հաղթահարող ունիվերսալ համակարգի ստեղծումն է։
Հաղորդվում է, որ նախատիպերն արդեն փորձարկումներ են անցնում, իսկ առաջին նմուշները իրական փորձարկումների համար ՄՏԿ կուղարկվեն 2022 թվականին: Proctor & Gamble-ը հետաքրքրված է նման տեխնոլոգիաներով, որովհետև հույս ունի դրանց օգնությամբ թարմացնել լվացքի փոշիների և լվացող միջոցների Tide ապրանքանիշը։ Բացի այդ, պետք չէ մոռանալ տիեզերական զբոսաշրջության արագ զարգացող հատվածի մասին. դժվար թե մեծահարուստ ճանապարհորդները ցանկանան թռչել կեղտոտ հագուստով: